Իմ ճանաչած բանաստեղծուհին իր խաչը պատվով է կրում

Եկեք ապրենք այնպես, որպեսզի նույնիսկ 
գերեզմանափորը սգա մեր մահը․․․
ՄԱՐԿ ՏՎԵՆ
 
«Ամենից հեշտ իրականանում են ա՛յն երազանքները, որոնց չեն կասկածում»,- ասում էր նշանավոր գրող Ալեքսանդր Դյուման։ Իսկ մենք՝ մարդիկս, հաճախ ծրագրում ու նախանշում ենք այն բաղձալին, որը միայն մերն է ու մերը պետք է լինի, սակայն․․․ ինչ-որ նախախնամությամբ այն անէանում է, ու մենք սկսում ենք ճանաչել կյանքն իր բոլոր գույներով ու երանգներով։ Դրանք պայծառ են ու գորշ և հաջորդում են միմյանց կյանքի տարբեր փուլերում, հաջորդաբար, ճիշտ այնպես՝ ինչպես գիշերն ու ցերեկը։ 
 
Ի՞նչ անել․․․ այս հարցը, աշխարհարարչությունից հետո, հավանականորեն, իրենց տվել են բոլոր ժամանակների մարդիկ՝ թե՛ իմաստունները, թե՛ նրանք, որոնք չեն հասնում իմաստության որոշակի մակարդակի։ Բայց բոլորին միավորում է ո՛չ միայն կյանքի «գիշերներն ու ցերեկները», այլև դրանց հետ ներդաշնակվելու աստվածատուր կարողությունը։
 
Օրեր առաջ գրականագետ Արմեն Ավանեսյանի խմբագրությամբ (և հետաքրքիր վերլուծականով) լույս տեսավ Հայաստանի մշակույթի գործիչների միության, Երգիծաբանների համահայկական միության, Ռուսական բանաստեղծների միության անդամ, բանաստեղծուհի Արմինե Մելքումյանի «Հանցավոր սեր» գիրքը՝ նվիրված ամուսնու՝ Հրաչիկ Հակոբյանի հիշատակին։ 
 
Բանաստեղծուհի ասացի, իսկ գիրքը վեպ է, իրապատում․․․ ըստ էության կյանքի հետ համերաշխվելու դաշնագիր, «գիշեր-ցերեկի» դեմ հաղթարշավի ելնողի ելակետ։
 
Յուրաքանչյուրի կյանքում գալիս է մի պահ, երբ կանգ ես առնում ու փորձում ես հաշիվ տալ քեզ՝ ի՞նչ ճամփա անցար ու ո՞ւր հասար արդյոք։ Եվ այս հաշվետվությունը տալ կարողացողը իսկապես հաղթարշավի է ելել։ «Ամեն բացվող օր իր հետ նոր հրաշք է բերում` ստիպելով մեզ շարունակ շնչել, երազել ու արևի տակ քայլել…»,-  ասում է Պաուլո Կոեյլոն։ Գրքի հերոսն ինչ-որ ժամանակ զուրկ էր այդ արևի լույսից ու ջերմանում էր հերոսուհու հոգու մաքրությամբ, այն կրակ ու կրքով, որ սեր է կոչվում։ Մարկեսն ասում էր․ «Իրականություն դարձրու քո երազանքները: Այդ պահը վրա է հասել»: 
Այո՛, և այս կյանքային ճշմարտությամբ առաջնորդվող գրքային հերոսները, որոնք (կամ որոնց ճակատագիրը կրողներից շատերին) ճանաչել ու ճանաչում ենք նաև մենք՝ պայքարեցին ու հասան։ «Թակի՛ր դուռը և այն կբացվի քո առաջ» աստվածային ճշմարտությամբ նրանք թակեցին բաժանարար դուռը, որ իրենց «հանցավոր» սերն ի վերջո դառնա ընդունելի ու պտուղներ տա, բայց․․․ Այդ պտուղները եղան, եղան մնայուն՝ ինչպես այն պատմություններն են դաջված գրողի մտքում, և պահպանվելու են ժամանակի պատյանի մեջ՝ «Հանցավոր սեր» խորագիրը կրող գրքում։
 
Իմ ճանաչած բանաստեղծուհին կեսուրախ մի աղջնակ էր, ով իր խաչը պատվով էր կրում․․․ Անցան տարիներ, խաչը ծանրացավ, կենսուրախությունը մարեց, բայց հոգու հայելին՝ աչքերը, դեռ փայլում են, քանի որ «Ամեն բացվող օր իր հետ նոր հրաշք է բերում՝ ստիպելով մեզ շարունակ շնչել, երազել ու արևի տակ քայլել…»։ Ամեն բացվող օր բանաստեղծուհին տեսնում է «հանցավոր սիրո» (որը երբեք էլ հանցավոր չի եղել) պտուղը, որը ապրեցնելու է նրան դեռ շատ երկար տարիներ՝ բերելով բազում հուզառատ ու երջանիկ պահեր։
 
Գրքի հերոսներին ես կրում եմ իմ հոգում, ինչո՞ւ, ինչպե՞ս, սա էլ թերևս իմ խաչն է, բայց կուզեմ, որ ժամանակակից գրականության զարկերակից մատը չհեռացնող ընթերցողն անպայմանորեն ծանոթանա սույն գրքի հետ, ավելի մոտիկից առնչվի ճակատագրերին, որոնց գոյության հնարավորության մասին երբեք չի մտորել ու գիտակցի, որ այս հերոսները մարդիկ են՝ իրական, միս ու արյունից մարդիկ, որոնք քայլում են մեր կողքին․․․ լո՜ւռ, անտրտո՜ւնջ։
 
Արմինե Մելքումյանի մասին դրվատանքի խոսքեր են հնչել ավագագույն սերնդի շա՜տ գրողների շուրթերից՝ Թորոս Թորանյան, Գևորգ Սարգսյան, Հրանտ Հորիզոն․․․ Նշանակում է՝ հեղինակը գրական անդաստան է մտել ավագների օրհնությամբ, իսկ ես մաղթեմ, որ ուղին  հաղթարշավ ունենա իր գրականությամբ՝ գրված անպաճույճ, սակայն գեղեցիկ ու կլանող ոճով։ 
 
Մխիթար ՄՈՍ-ՄՈւՇԵՂՅԱՆ
Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային 
ակադեմիայի ակադեմիկոս,
դրամատուրգ, բեմադրիչ