Նորամուտ․ Երևանյան միջազգային թատերական փառատոն

«ՓԱՌԱՏՈՆԸ ԿԴԱՌՆԱ ՄԵՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍԸ». ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 18-ը կանցկացվի Երևանյան միջազգային թատերական առաջին փառատոնը։ Փառատոնի կազմակերպիչն է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը: 
 
Փառատոնի մեկնարկից առաջ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիս մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն:
 
 
- Շատ կարևոր է արվեստի բոլոր ոլորտներում պահել որակական բարձր նշաձողը և զարգացնել այն: Միջազգային համագործակցությունն այն ուղին  է, որով հասնելու ենք այդ նշաձողին: Երևանի միջազգային թատերական փառատոնը կդառնա մեր մշակութային կյանքի անբաժանելի մասը, և հուսով եմ, որ յուրաքանչյուր տարի կգրանցենք փառատոնի նոր հաջողությունները,- ասել է նախարարը՝ ընդգծելով Երևանի քաղաքապետարանի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ՝ արդեն ավանդույթ դարձած համագործակցության կարևորությունը, ինչպես նաև մարզային թատրոնների մասնակցությունը:
 
Նախարարն անդրադարձել է նաև ներկայում պետության առջև ծառացած մարտահրավերներին մշակույթով դիմակայելու անհրաժեշտությանը.
 
- Պետության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու առումով մշակույթը ամենակարևոր բաղադրիչներից է: Այս օրերին ավելի են կարևորվում մեր առնչությունները մշակույթին, քանի որ հենց մշակույթն է դժվար խոսակցություններ բացելու և դրանով նաև ինքներս մեզ հետ խոսելու ճանապարհը: Փառատոնի առաջին ներկայացումը խորհրդանշական է. այն նախատեսված է մեր արցախցի հայրենակիցների համար: Սա մշակութային աջակցություն է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար՝ հաղթահարելու հոգեբանական ծանր ապրումները, որ ունեցել են այս ընթացքում: 
 
Գոշ Սարգսյանը շնորհավորել է փառատոնի մեկնարկի կապակցությամբ և նշել է, որ փառատոնի փաստը մեկ անգամ ևս եկել է հաստատելու, որ Երևանը թատերական ավանդույթներ ունեցող քաղաք է: 
 
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ տեղի կունենա Երևանյան միջազգային թատերական փառատոնը։ Որպես Հայաստանի առաջին և առաջատար պետական թատրոն՝ Ազգային թատրոնը հավատարիմ է իր կոչմանը՝ զարգացնել թատերական կյանքը երկրում։ Փառատոնի նպատակն է հայ հանդիսատեսին ներկայացնել աշխարհի լավագույն թատերախմբերի բեմադրությունները, հայ թատրոններին միջազգայնացման նոր ուղի հաղորդել, ինչպես նաև հնարավորություն ընձեռել մշակույթի ոլորտի մասնագետներին զարգացնել մասնագիտական ցանցը։
 
Փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստան կժամանեն այնպիսի հռչակավոր թատրոններ, ինչպիսիք են՝ փարիզյան Օդեոնը, Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնը։ Փառատոնը հյուրընկալելու է թատրոններ ԱՄՆ-ից, Լեհաստանից, Վրաստանից և, իհարկե, Հայաստանից։ 
 
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, փառատոնի հիմնադիր-նախագահ Վարդան Մկրտչյանը նշել է.
 
- Մայր թատրոնը վերջին տարիներին իրականացնում է այնպիսի ծրագրեր, որոնք ակնհայտ հարստացնում են թատրոնի դիմագիծը։ Ուրախալին, ըստ իս, այն է, որ բոլոր այդ նախաձեռնությունները ներփակված չեն միայն մեր թատրոնի սահմաններում, այլ օգտակար են լինում հայ թատրոնին ընդհանրական առումով։ Հենց այս ընկալումով էլ շարունակում ենք մեր գործը և հիմնում Երևանյան միջազգային թատերական փառատոնը։ Հիմնադրման առաջին իսկ տարում մենք հյուրընկալելու ենք համաշխարհային համբավ վայելող թատրոններ։
 
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ Երևանը շատ թատերական քաղաք է, որտեղ երազանք է եղել թատերական փառատոն անցկացնելը։ Ընդգծելով, որ թատրոնն օգնում է հանդիսատեսին հաղորդակցվել իր ժամանակակիցների հետ և ազատագրվել շուրջը տիրող քաոսից, նա կարևորել է փառատոնին մարզային թատրոնների մասնակցությունը։ 
 
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն բարձր է գնահատել թատրոնի հետ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ ապագայում համատեղ նոր ծրագրեր և գաղափարներ կիրագործվեն: Ըստ նրա՝ այս համագործակցությունը հայ-ֆրանսիական բարեկամական կապերն ամրապնդելու և զարգացնելու ևս մեկ առիթ է: