«ՌեԱնիմանիա» փառատոնի համար տարին եռակի հոբելյանական է. Դանիել ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հայաստանի կինոգործիչների միությունում ներկա է եղել «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը:
 
Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ««ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» ՀԿ-ի կազմակերպմամբ:
 
Շնորհավորելով փառատոնի կազմակերպիչներին և մասնակիցներին, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է, որ այս տարին փառատոնի համար եռակի հոբելյանական է. «2023 թվականին նշվում են Հայ կինոյի 100-ամյա, Հայկական անիմացիայի 85-ամյա, «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնի 15-ամյա հոբելյանները: «Ռեանիմանիա» փառատոնը երկու տարվա դադարից հետո վերադառնում է մշակութային դաշտ՝ աշխուժացնելու ոլորտը, վերագտնելու  և նոր լիցքեր հաղորդելու հանդիսատեսին ու մասնակիցներին»:
 
Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ արդի տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար կարևոր ուղղություն է, և երիտասարդների կարողունակությունը պետք է ներդնել նաև անիմացիայի ոլորտում՝ նպաստելով բնագավառի զարգացմանը:  Դանիել Դանիելյանը վստահություն է հայտնել, որ այս տարի ևս փառատոնը հանրությանը կներկայացնի բարձրարժեք անիմացիոն ֆիլմեր՝ ձևավորելով նոր հիմքեր միջազգային աուդիովիզուալ նյութերի տարածման, ցուցադրության և համատեղ արտադրության համար:
 
Նախարարի տեղակալը մասնակիցներին և կազմակերպիչներին մաղթել է ստեղծագործական վերելքներ, լեփ-լեցուն դահլիճներ, իսկ կինոսեր հանրությանը՝ տոնական տրամադրություն:
 
Նշենք, որ փառատոնի մրցութային ծրագրերն անցկացվում են Հայաստանի կինոգործիչների միությունում, իսկ «Ռետրոսպեկտիվ» հայկական անիմացիոն ֆիլմերի ցուցադրությունները՝ «ԹՈՒՄՈ» կենտրոնում։
 
«MarAni» հարթակի շրջանակում հոկտեմբերի  27-ին և  28-ին  «ԹՈՒՄՈ» կենտրոնում (Երևան, Հալաբյան 16) կանցկացվեն վարպետաց դասեր, աշխատարաններ, պանելային քննարկումներ՝ միջազգային լավագույն մասնագետների մասնակցությամբ: Դրանց ընթացքում անդրադարձ կկատարվի վիզուալ էֆեկտներին, AI, VR կիրառությանը, անիմացիայում դերասանական հմտություններին և այլն։ Հարթակը հյուրընկալելու է ոլորտի պրոֆեսիոնալների և այլ աշխարհահռչակ դեմքերի։
 
Զուգահեռ գործելու է համարտադրության (coproduction) հարթակը, որտեղ հայ անիմատորները միջազգային համարտադրողներին կներկայացնեն իրենց նախագծերը: Կքննարկվեն համագործակցության հնարավոր ուղիները, որով հիմք կդրվեն համատեղ արտադրությունների կազմակերպմանն ու իրականացմանը: