Ավելին, քան օպերա՝ ՄԱԴԱՄ ԲԱԹԵՐՖԼԱՅ

Օպերային թատրոնում տեղի ունեցան Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» (Չիո-չիո-սան) օպերայի նոր բեմադրության երեք առաջնախաղերը, որոնցից վերջինին երեկ, օպերայի բեմադրող ռեժիսոր և բեմադրող նկարիչ ՍՈՒՔԻԱՍ ԹՈՐՈՍՅԱՆԻ, մեր տաղանդավոր գործընկեր Toto-ի հրավերով նաև ես բախտ ունեցա ներկա լինել: Չեմ կարող ասել, որ դա  սոսկ օպերա էր, դա նվագախմբի, երգիչների, բեմական և զգեստային ձևավորումների, նկարչական գունառատ անիմացիայի, դրանց միախառնմամբ  դրամատիկ լուծումներով հարուստ տեսարանների, գույների նկարչագեղ ու մտածված զուգորդմամբ տրամադրություններին իշխելու մի վառ համադրություն էր, որտեղ վերը նշածս բոլոր բաղադրիչները հավասար դերակատար էին:
 
Ահա թե ինչ է կատարվում օպերայի հետ, երբ նկարի՛չը, վա՛ռ արվեստագետն է անտուրաժը և օպերային արվեստը համարձակորեն փոխներթափանցում-միաձուլում՝ գույնի, լույսի, դեկորների, զգեստների համարյա գեղանկարչական համադրումների միջոցով ավելի հասանելի-ընկալելի, նրբագեղության մաստերկլասի շնորհիվ՝ ավելի սրտին մոտ դարձնում դասական օպերան, մեղեդին, երգեցողությունն ու վառ տեսանելիքը: Կտավի վրա սովորաբար դերակատար լույսը և գույնը, փաստորեն, մեծ կտավ էին դարձրել օպերային բեմը՝ մեղմից մինչև ագրեսիվ գունափոխություններով, պաստելային գույներից մինչև հոգու ալեբախություն առաջացնող մուգ երանգներով հավասար իշխելով հանդիսատեսին այնպես, ինչպես հիանալի արիաները, խմբերգերը, բարձրարվեստ նվագախումբը: 
 
Թարմ և նոր ընթերցմամբ՝ հին-բարի «Բաթերֆլայը» Պուչիննիի հիանալի ստեղծագործությունը, մեզ առօրյա գորշությունից վերադարձրեց ազնիվ և անձնվեր սիրո, մեծ կրքերի և մեծ զոհաբերությունների, դասականության դարաշրջան: 
 
Սուքիաս ջան, հրաշալի էր, էն որ ասում են՝ տաղանդավոր մարդն ամեն ինչում է տաղանդավոր, քո մասին է: Շնորհակալություն ստեղծագործական ողջ կազմին՝ հրաշալի ներկայացման համար:
 
Օպերային ներկայացման բեմադրող դիրիժորը Ռուսաստանից հրավիրյալ, երիտասարդ տաղանդավոր երգիչ եւ դիրիժոր Միհրան Աղաջանյանն է, որը Սանկտ Պետերբուրգում իր նվագախումբն ունի: Գլխավոր դերերի երգիչ-երգչուհիների մեջ էլ կան հրավիրյալներ՝ արդեն եվրոպական բեմերում ճանաչում ձեռք բերած մեր տաղանդավորներից, օրինակ Կարինա Ֆլորեսը: Բոլոր երգիչ-երգչուհիները ճանաչված և տաղանդաշատ են. Բաթերֆլայ երգում են բացի Ֆլորեսից՝ Աննա Այվազյանը, Սիլվա Պետրոսյանը, Նունե Գրիգորյանը: Մյուս գլխավոր դերում՝ Պինկերտոն երգում են  հիանալի երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ  Հովհաննես Այվազյանը, Հովհաննես Անդրեասյանը և այլք, ընդհանրապես՝ բոլոր դերերում տարբեր օրերի երգելու են մեր լավագույն երգիչները, ու որ օրն էլ ներկա լինեք «Մադամ Բաթերֆլայ» ներկայացմանը, որ երգիչներն էլ այդ օրը երգեն՝ օպերան տոն է դառնալու ձեզ համար:
 
Փոխանցենք մեզ զուգահեռ շարքում օպերան ըմբոշխնող բեմադրիչ, դերասան Ժիրայր Փափազյանի մի արձագանքը ընդմիջմանը: Նա ասում էր, որ հիանալի, Եվրոպայում արդեն ճանաչում ունեցող, առաջին հաջող բեմելներն անցած երգիչ-երգչուհիներ ունենք, ու ինքը շատ ուրախ է, որ մեր օպերային թատրոնը նկատում, արժևորում ու հրավիրում է նրանց: Երբ նրանցից մեկին, ով իր բեմադրությունում հինգ տարի առաջ առաջին անգամ է երգել ու այժմ ճանաչված երգչուհի է, տեսավ «Մադամ  Բաթերֆլայում»՝ ուղղակի հուզվեց: Իսկ Սուքիաս Թորոսյանին էլ շատ դիպուկ բնութագրեց՝ ճաշակավոր բեմադրիչ:
 
«Մադամ Բաթերֆլայը» ավելին է, քան օպերան, ու մեր արվեստի մարդկանց, հատկապես նկարիչներին հորդորում ենք անպայման դիտել ներկայացումը: Ինչո՞ւ նկարիչներին (բոլոր արվեստասերներին և արվեստին մոտ կանգնած մարդկանց ենք հորդորում՝ սխալ չհասկանաք), որովհետև նրանք առարկայորեն կհասկանան, թե ինչպես կարող է գույնը հավասար ներկայացման մասնակից դառնալ:
 
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ