Տիեզերքի էներգիայով սնվողները

paranormal-news.ru կայքն անդրադարձել է մի երևույթի, որի մասին երևի շատերը չեն լսել: Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր հավատացնում են, թե սովորական մահկանացուների նման կերակուրներով չեն սնվում, այլ մարմնի կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիա են ստանում տիեզերքից:

Պարբերականի հրապարակման հերոսներն են Կալիֆորնիայից 37-ամյա Ակահի Ռիկարդոն և նրա կինը` 34-ամյա Քամիլա Կոստելոն: Նշվում է, թե առաջին հայացքից նրանք մի սովորական ամուսնական զույգ են և բավական համակրելի:

Միայն թե իրենց խոսքով` իրենք վերջին անգամ սովորական մարդկանց նման կերել են 2008թ. և դրանից հետո հիմնականում սնվել են «տիեզերքի էներգիայով», այսինքն` դարձել են այսպես կոչված արևակերներ կամ պրանակերներ: (Հավանաբար այս վերջին բառի հիմքում յոգային առնչվաղ պրանա բառն է, որը սանսկրիտում բառացի նշանակում է շնչառություն, իսկ հնդկական ավանդական բժշկության և թաքնագիտության մեջ խորհրդանշում է կյանքի էներգիան, կյանքն ինքը: Յոգայում համարվում է, որ պրանան թափանցում է ամբողջ տիեզերքի միջով, թեև աչքի համար անտասանելի է-Ա. Փ.):  

Արևմուտքում նման մարդկանց բնորոշում են անգլերեն breath (բրեթ)` շունչ, շնչառություն բառով: Վերջին տասնամյակներում հանրահայտ դարձած այս հոսանքի հետևորդները հավատացնում են, թե ի վիճակի են երկար ժամանակ չուտել` իրենց անհրաժեշտ ամբողջ էներգիան ստանալով Արևից կամ տիեզերքից:

Սակայն բնավ էլ բոլորը չէ, որ կարողանում են այդպիսին դառնալ:

Այսպես, 1999թ. սաստիկ հյուծվածությունից վախճանվել է 49-ամյա ավստրալուհի Վերիտի Լիննը: Նրա մարմնը գտել են Շոտլանդիայի լեռներում, իսկ նրա օրագրում գրված է եղել, որ ոչինչ չի կերել առնվազն 21 օր: Իսկ ահա Ակահի Ռիկարդոյին և Քամիլային ամեն ինչ շատ լավ հաջողվել է: Համարյա 10 տարի նրանք սնվում են գրեթե սոսկ տիեզերական էներգիայով, և դրա շնորհիվ խնայելով մի կույտ փող` սկսել են ճամփորդել:

- Երբ մենք սկսեցինք, ամբողջ երեք տարի ոչինչ չկերանք: Այժմ մեզ շատ լավ հաջողվում է հարմարվել առանց սննդի, և միայն շաբաթական 2-3 անգամ ենք մի երկու կտոր միրգ կամ մի փոքր բանջարեղեն ուտում: Ընդ որում, հաճախ մենք դրանք ուտում ենք ի սեր հետաքրքրության, որպեսզի իմանանք, թե նոր միրգն ինչ համ ունի,- պատմել է Քամիլա Կաստելոն:

Նա նաև պատմել է, որ սովորական ուտելիքներից հրաժարվելուց հետո միանգամայն առողջ ու երջանիկ է: Ամուսնանալուց և երկու երեխա ունենալուց հետո քաշը սկսել է  կտրուկ տատանվել, բայց այժմ ամեն ինչ կարգին է: Առավել կայուն է դարձել նաև հուզական վիճակը:

Պարբերականը հաղորդում է, որ զույգը ծանոթացել է 2005թ., իսկ ամուսնությունը տեղի է ունեցել միայն երեք տարի անց, երբ երկուսն էլ հասկացել են, որ մյուսն էլ իր նման բրեթի գաղափարներով է տարված: Եվ ահա մեկ օրում որոշում են լիովին փոխել սնվելու իրենց համակարգը:

Սկզբում նրանք դարձել են բուսակեր, հետո սկսել են օգտագործել սոսկ մրգեր և հյութեր, ապա անցել են բրեթի այսպես կոչված 21-օրյա գործընթացին: Դրա առաջին 7 օրը մարդը ոչինչ չի ուտում, հաջորդ 7 օրը միայն ջուր է խմում, իսկ մնացած 7-օրերին ընդունում է միայն ջուր և ջրիկ հյութեր:

- Այդ 21-օրյա փորձության ժամանակ ես հոգևոր հզոր վերելք էի զգում, և մենք հասկացանք, որ կարող ենք հեշտությամբ ապրել առանց սննդի: Այդ ժամանակից մենք սնունդ ընդունում ենք ենք հազվադեպ և շատ փոքր քանակությամբ, իսկ քաղց երբեք չենք զգում,- ասել է Քամիլան: 

Կնոջ ասելով` 21-օրյա փուլն անցնելուց հետո իրենք հաջորդ երեք տարում սննդի ընդունումը լիովին բացառել են: Սնվելու համակարգում որոշակի խախտումներ արվել են միայն այն ժամանակ, երբ Քամիլան հղի է եղել:

- Հղիության ժամանակ ես միայն 5 անգամ եմ սնունդ ընդունել, ավելին ուտելու ոչ մի ցանկություն էլ չեմ ունեցել: Եվ դա երեխայի վրա բնավ չի ազդել: Երբ ես կանոնավոր բժշկի էի հաճախում, նա հաստատում էր, որ երեխան առողջ է և լիարժեք սնունդ է ստանում: Ընդ որում, որդիս անգամ ավելի շատ էր կշռում, քան սովորաբար նորածինների միջին քաշն է լինում:

Ամուսիններն ասում են, որ իրենց երեխաները սովորական մարդկանց նման են սնվում, նրանք սրտների ուզածն ուտում են` ներառյալ քաղցրավենիք, պիցա և այլն: Բայց նաև հույս ունեն, որ երբևէ, երբ մեծանան, իրենց օրինակին կհետևեն: