Մահաբեր Գայոլա կղզին

Նեապոլի ծովածոցում՝ հենց իտալական Կամպանիա շրջանի ափին մոտ Գայոլա անունով մի կրկնակ կղզյակ կա (բաղկացած է երկու կեսերից, որոնք իրար են միացված քարե նեղ կամրջակով): Զբոսաշրջիկների ու հանգստացողների համար այն շատ գրավիչ է, քանի որ աչքի է ընկնում գեղեցիկ բնությամբ, հիանալի լողափերով: Անիծյալ այս դրախտում նաև մի լքված վիլլա կա, իսկ լողալով այնտեղ  հասնելը հասարակ բան է՝ մայր ցամաքին շատ մոտ լինելու շնորհիվ:
 
Միայն թե (ինչպես նշում է esoreiter.ru-ն), չնայած վերոհիշյալ բոլոր արժանիքներին՝ Գայոլա (Gaiola) անունով այս կղզյակն անմարդաբնակ է: Եվ առաջին անգամ այնտեղ հայտնվող զբոսաշրջիկներին միշտ զարմացնում է՝ բայց ինչո՞ւ, չէ՞ որ ինչ-որ մեկն այդտեղ կառուցել է այդ շքեղ վիլլան…
 
Կամպանիայի բնակիչներն այդ վայրը համարում են անիծված՝ առեղծվածային կղզին անվանելով մահաբեր: Այնտեղ տարածված ավանդազրույցի համաձայն՝ Գայոլայից ոչ հեռու ապրել է մի չարագործ ճգնավոր: Նա եղել է մենակյաց և բնակվել է քարանձավում: Սնվել է սոսկ մրգերով ու բանջարեղենով, որը նրան ընծայել է կղզյակը: Բայց մի անգամ այդ կախարդն ուղղակի անհետացել է, և ոչ ոք չգիտի, թե իրականում նրա հետ ինչ է կատարվել: Միայն թե նրա անհետանալը իսկական անեծքի է վերածվել հենց կղզու համար: 
 
Ժամանակի հետ իրական դեպքերն սկսել են մոռացվել, և շուտով գտնվել է մեկը, ով ցանկացել է այնտեղ բնակություն հաստատել: Հենց նա էլ Գայոլայում վիլլա է կառուցել: Այդ մարդու անունը չի պահպանվել, բայց իտալացիների հիշողությունից չի ջնջվել նրա տարօրինակ մահվան պատմությունը, որը վրա է հասել հանկարծակի և անհայտ պատճառով: Կարելի էր այդ վախճանը համարել պատահական, սակայն դրան հետևել են նրա ժառանգների նույնքան հանկարծակի ու տարօրինակ մահերը, որոնք փորձել են հմնավորվել առեղծվածային կղզում և ապրել շքեղ առանձնատանը: Դանից հետո է, որ Գայոլան սկսել է համարվել անիծյալ վայր:
 
Եվ սակայն  հարուստ երիտասարդ Հանս Բրաունին դա չի վախեցրել. 1920թ.նա գնել է կղզյակը՝ վիլլայով հանդերձ և այնտեղ բնակություն հաստատել իր գեղեցկուհի կնոջ հետ: Նորապսակներն անչափ երջանիկ են եղել և հույս են ունեցել այդ դրախտավայրում ապրել երկար-երկար: Բայց մի անգամ աղջիկն ինչ-որ բանի համար մայրցամաք է գնացել, իսկ երբ վերադարձել է, իր սիրեցյալին մեռած է գտել: Ընդ որում՝ նրա մարմինը տարօրինակ կերպով փաթաթված է եղել մահճակալի մոտ փռված գորգով, սակայն բռնության ոչ մի հետք չի հայտնաբերվել: Տեղացիներին շատ ավելի տարօրինակ է թվացել աղջկա մահը, որը տեղի է ունեցել մեկ շաբաթ անց. տիկին Բրաունի դիակը գտնվել է ծովածոցի ջրերում: 
 
Երկար ժամանակ ոչ ոք չի համարձակվել անիծված կղզում ապրել, բայց ի վերջո գտնվել է մի համոզված աթեիստ, որ չի հավատացել ոչ մի միստիկ պատմության: Սակայն նա՝ գերմանական ծագմամբ Օտտո Գրուբնակը, նույնպես շատ շուտով վիլլայում վախճանվել է սրտի նոպայից: Նույն ճակատագիրն է բաժին հասել մեկ այլ թերահավատի՝ Մորիս Սանդոզին: Նա ծիծաղել է Գայոլայի այդ բոլոր «մտացածին սարսափների» վրա, բայց հանկարծ կյանքին վերջ է տվել ինքնասպանությամբ: Այն էլ այն դեպքում, երբ կենսասեր մարդ լինելով՝ երբևէ չի տառապել  ինքնասպանության հակումներով: 
 
Գայոլայի վերջին տերը եղել է ոմն Ֆիատ Ջաննի Անյելլի, որը չի համարձակվել անգամ այդ կղզի գնալ, էլ ուր մնաց՝ այնտեղ գիշերել: Բայց ինչպես նա ինքն է պնդել, այդ անիծված ունեցվածքն իր ու իր ընտանիքի վրա ազդել է անգամ տարածության վրա: Կղզին ձեռք բերելուց անմիջապես հետո Անյելլիի ազգականների վրա դժբախտություններ են թափվել. որդին կախվել է, սիրելի եղբորորդին մահացել է քաղցկեղից, էլ չասած ավելի մանր դժբախտությունների մասին հենց իր կյանքում: Ի վրջո, կղզին հանձնվել է վարչական շրջանին, իսկ առանձնատունն այդ ժամանակից ուղղակի լքված է: 
 
Ասում են՝ այժմ այդ խորհրդավոր կղզին հնարավոր է ձեռք բերել գրոշներով, միայն թե ոչ կղզին ինքը, ոչ էլ այնտեղ կառուցված և մինչև օրս հրապուրիչ տեսք ունեցղ վիլլան չեն հրապուրում անգամ հարուստ ինքնասպաններին կամ նույնիսկ ձեռնարկատերերին: Որովհետև մեկն ուզեցել է այնտեղ զբոսաշրջային գործ հիմնել և նույնպես ողբերգական վախճան է ունեցել՝ տարօրինակ կերպով շատ արագ սնանկացել է և ատրճանակը սեփական քունքին դատարկել: Այնպես որ, Գայոլան ձեռք բերելու ցանկություն ունեցողներ համարյա չկան ու չեն էլ նախատեսվում, իսկ էկզոտիկ կղզում հանգստանալու և դրա մասին սարսափելի պատմություններ լսելու պատրաստ մարդկանց պակաս չկա: