Իրանական Մախունիկը տիկնիկաչափ մարդկանց բնակավա՞յր է եղել

Իրանի Հարավային Խորասան գավառի մեկուսացած անապատում Մախունիկ անունով մի գյուղ կա: Այն հեռավոր կերպով հիշեցնում է իրանական արդի բազմաթիվ աղքատիկ գյուղակները՝ քարից ու կավից պատրաստված գետնահար տնակներով: Սակայն իրականում այն մի շատ հին բնակավայր է:
 
Այդ ուշագրավ գյուղին ավելի ավելի հաճախ 1500 տարվա հնություն է վերագրվում, սակայն այնտեղ գտնվել են կառույցների հետքեր, որոնք առնվազն 5000 տարեկան են:
 
Այժմ այնտեղ մշտապես բնակվում է 500 մարդ, սակայն նրանք ապրում են շատ ավելի ուշ կառուցված տներում, որովհետև գյուղի 200 հին տներում ժամանակակից մարդկանց համար շատ նեղվածք կլիներ:
 
Բանն այն է, որ Մախունիկում (Makhonik) տները նախատեսված են առավելագույնը փոքր երեխաների համար, 90 սմ-ից բարձր հասակ ունեցող մարդիկ դրանցում ապրել չեն կարող: Եվ գյուղի տեղական հին անունն էլ "Shahr-e Kotouleha" է, որ թարգմանվում է «կարճահասակների քաղաք»:
 
Թե դրանք ինչ մանր մարդիկ են եղել, այժմ արդեն գործնականում դժվար է պարզել: Մախունիկ գյուղը շատ դարերի ընթացքում մասնակիորեն ծածկվել է ավազի տաննանոց շերտերով: Միայն 1940թ. են հնագետներն այնտեղ զանգվածային պեղումներ սկսել, որոնք շարունակվել են մինչև 1948թ.: Աշխատանքների ընթացքում գտնվել են կենցաղի բազմաթիվ առարկաներ, որոնք օգտագործել են քաղաքի բնակիչները, այդ թվում՝ վառարաններ և աշխատանքի գործիքներ: Այսինքն, այդտեղ բավականաչափ զարգացած հանրություն է ապրել: 
 
Հին տնակներում ոչ միայն առաստաղներն են ցածր, այլև անցումներն են շատ նեղ եղել: Այդ տներն ինչ-որ սրբավայրեր չեն եղել, մարդիկ այդտեղ տարին բոլոր ապրել են: Հանկարածկի ի հայտ եկած տեսությունն այն մասին, թե Իրանում ապրել է գաճաճների հին ռասա, իսկույն բազմաթիվ տեսություններ և չարաշահումներ է առաջ բերել: Օրինակ, կարծիք է եղել, թե այդ գյուղի բնակիչները ամենասովորական մարդիկ են եղել, ուղղակի շատ են քաղցած մնացել, դրա համար էլ մնացած շրջանների մարդկանց չափ աճել չեն կարողացել: Մանավանդ, հազարավոր տարիներ առաջ մարդկանց միջին հասակը արդիական մարդուց շատ ցածր է եղել: Բայց չէ՞ որ նույն ժամանակ Իրանի մնացած մասերում նույնպես բնակիչները պարբերաբար սովի ու երաշտի են մատնվել: 
 
Որոշ հնագետներ էլ կարծիք են հայտնել, թե հնում Մախունիկում ապրողները միանգամայն սովորական հասակ են ունեցել, տներն ու նրանց դռներն այդքան ցածր են պատրաստել՝ զգուշանալով անապատային քամիներց, որոնք հաճախ քանդում էին բարձր շինությունները: Իրանցի մեկ այլ հնագետ ընդհանրապես դեմ է գաճաճների գոյությանը և համարում է, որ հնում տներն այդքան ցածր են կատուցել, որովհետև բարձր կառուցելու չափ զարգացած տեխնոլոգիա չեն ունեցել: 
Տարածված վարկածի համաձայն՝ Մախունիկում միշտ էլ ցածրահասակ մարդիկ են ապրել, որովհետև նրանք սնվելու շատ սուղ հնարավորություններ են ունեցել: Սակայն մոտ 100 տարի առաջ այստեղ է հասել «քաղաքակրթությունը», մարդիկ սկսել են ավելի լավ սնվել, որից հետո երեխաներն ավելի լավ են աճել: Այսինքն՝ ոչ մի «գաճաճների ռասա» երբեք գոյություն չի ունեցել, և գյուղի այժմյան տերերը նրա վաղեմի բնակիչների ուղիղ հետնորդներն են: 
 
Մախունիկին առնչվող առեղծվածներն ավելացել են, երբ 2005թ. այդտեղ պեղել են 25- սմ-անոց մարդկային մումիա, և առաջին քննությունը պարզել է, որ այդ մարդը մահացել է 16-17 տարեկանում: Դա նման կլիներ դարի բացահայտման, եթե ավելի ուշ չհայտարարեին, թե հետագա ուսումնասիրությունները պարզել են, որ այդ մումիան 400-տարվանից ավելի չէ և պատկանում է անհաս երեխայի: Միայն թե խոսվում է նաև խարդավանքի մասին, ըստ որի՝ այդ մումիայի առաջին քննության արդյունքներն են ճիշտ եղել, այսինքն դա հասուն տեղացու, այլ ոչ թե մանկիկի մումիա է: 
 
Գաճաճների մասին ավանդազրույցներ գործմնականում հնարավոր է գտնել ցանկացած զարգացած մշակույթում: Եթե անդրադառնանք հնագիտական գտածոներին, ապա առաջինը մարդու միտքն է գալիս Շոտլանդիայի հանրահայտ Սքարա-Բրեյ գյուղը: Դա նույնպես  նոր քարի դարի ժամանակների բնակավայր է, և այնտեղի բոլոր շինությունները, անգամ մահճակալնրի տեղերը, նախատեսված են շատ փոքրահասակ մարդկանց համար: Հին ռասայի տեսանկյունից ամենաշատը հարմար են գալիս ինդոնեզական Ֆլորես կղզու այսպես կոչված հոբիտները (Homo floresiensis): Նրանց հասակը 1 մ-ց չի անցել, իսկ իրենք գոյություն են ունեցել 60-100 հազ. տարի առաջ: 
 
Աֆրիկայում այսօր էլ ապրում են ցածրահասակ պիգմեյներ, որոնց բոյը հաճախ չի անցնում 124 սմ-ից: Ռուսաստանում նենեցներն ունեն ավանդազրույցներ փոքրիկ մարդուկ սիրտյաների (սիսհիրտյա) մասին, որ ապրում են գետնի տակ: Սաամներն էլ դարերով պատմել են փոքրիկ չախկլի (չակլի) մարդկանց մասին, որոնք նկարագրությամբ նման են սկանդինավյան գնոմներին: 
 
Եվ ընդհանրապես, երկիրը ժամանակին բնակեցրած հսկաների ու գաճաճների մասին պատմություններ ամենուրեք տարածված են, իսկ հնագիտական նյութեր, եթե անգամ գոյություն ունեն, դրանցով լրջորեն զբաղվող գիտնականներին կարծես չեն տրամադրվում: Բայց եթե մի բանի մասին շատ է խոսվում, պետք է ենթադրել, որ ամեն ինչ անհիմն չէ: