Մարդիկ քարանում են ոչ միայն հեքիաթներում

Հրաշապատում հեքիաթների քարացած հերոսները, պարզվում է, բնավ էլ մտացածին կերպարներ չեն: Իրոք կա մի հիվանդություն, որից մարդը հայտնվում է սեփական մարմնում «փակված» վիճակում, կորցնում շարժունակությունը: Նա ամեն ինչ զգում է, ապրումներ է ունենում, նրա բանականությունը չի տուժում, սակայն շարժվել չի կարողանում, քանի որ մկանները ոսկորների են վերածվում: Այս հազվագյուտ հիվանդությունը  բժշկական գիտության մեջ ստացել է զարգացող ոսկրացման թելքային խանգարում անունը և հայտնի է ոչ բոլոր բժիշկներին:
 
Սա եզակի և շատ ծանր գենետիկկան խանգարում է, որին առնչվում  մոտավորապես միլիոն մարդուց մեկը: Տվյալ մարդու մարմնի բոլոր մկանները, նրա բոլոր ջլերը  ոսկրանում են: Մարդն ընդմիշտ քարանում է մեկ դիրքում և ստիպված է լինում այդպես մնալ թ՛ե քնած, թե՛ արթուն ժամանակ:  
Ամեն ինչ սկսվում է մանկությունից և տարիքի հետ անընդհատ զարգանում է: Այս հիվանդությունից բուժում չկա: Մահն ավելի հաճախ վրա է հասնում նրանից, որ ոսկրացումը հասնում է կողերի կռճիկներին, և մարդը զրկվում է շնչելու հնարավորությունից: Այս սարսափելի խանգարման մասին մարդկանց մեծամասնությունը ոչինչ չգիտի: 
 
paranormal-news.ru պարբերականը նեկայացրել է Հարավային Աֆրիկայի երկու բնակչի պատմությունը: Նրանք երկուսն էլ աստիճանաբար քարանում են:  
50-ամյա Թոզի Մծիկին այդ հիվանդության պատճառով մարմնի շարժունակությունը սկսել է կարցնել, երբ ընդամենը մի քաի ամսական է եղել: Այժմ նրա մարմնի ներքևի հատվածն արդեն միանգամայն անշարժ է, իսկ վերևի մասում կարողանում է միայն ձեռքերը թափահարել: Նա նաև դեռևս կարողանում է խոսել: 
 
-Ես կարող եմ իմ խանգարման մասին մարդկանց պատմել, և այդ ժամանակ նրանք կդադարեն ինձնից վախենալ և սայլակով ինձ տեսնելիս փողոցից չեն փախչի,- պատմել է Թոզին: 
 
Նրա իրանն ասես ոլորված լինի, ոտքերը կարծր են ոսկորների նման, իսկ բարակ թևերն արդեն երբեք չեն ծալվի: Առավոտից երեկո նրան ամեն ինչում օգնում է բուժքույրը: Մծիկիին պաշտոնապես ախտորոշել են 7 տարեկանում, և մինչև 2008թ. նա դեռևս կարողանում էր ձեռնափայտի միջոցով տեղաշարժվել: Այժմ կարող է տեղաշարժվել լոկ հաշմանդամի սայլակով, որը նրան է տրամադրվել բարեգործական միջոցների հաշվին: 
 
Նա դեռևս հնարավորություն ունի ձեռքերի միջոցով ինքնուրույն օգտվել զուգարանից, բայց օրեցօր՝ ավելի դժվարությամբ, քանի որ նրա տան զուգարանը սայլակի համար հրմարեցված չէ: Նրան շատ է նեղում, որ ամեն անգամ բուժքույրն իրեն օգնում է լվացվել: Սակայն չնայած իր դատավճռին՝ Մծիկին համարում է, որ ինքը դեռևս կարող է հասարակությանն օգուտ բերել: Նա նույն հիվանդությամբ տառապող մյուս մարդկանց պատմում է այն մասին, թե ինչերի են բախվելու և ինչպես կարող են  հնարավորինս լավ հարմարվել տվյալ իրավիճակին: 
 
Թոզի մյուս բախտակից 18-ամյա Դամիեն Ֆրեդերիկսն ապրում է Քեյփթաունի մոտակայքում: Նրա հիվանդությունն ախտորոշվել է 2009թ., այժմ այն ամենավաղ փուլում է: Տղան դեռևս կարողանում է քայլել և անգամ վազել, շատ է սիրում ֆուտբոլ խաղալ: Նրա էլ ձեռքերն են դժվարությամբ շարժվում: 
 
- Երբ նա երեխա էր, մենք ուշադրություն դարձրինք, որ մատների հետ մի բան այն չէ: Սակայն բժիշկն ասաց, թե դա ոտնաթաթի մեկ մատի հոդապարկի բորբոքում է: Այն ժամանակ ո՛չ մենք, ո՛չ էլ տեղակացի բժիշկներն այդ հիվանդության մասին ոչինչ չգիտեինք,- պատմել է Ֆրեդերիկսի հայր Ջոզեֆը: 
 
Իսկ հետո տղան ընկերների հետ կրիկետ է խաղացել  և հանկարծ հասկացել է, որ ձեռքերից մեկը չի կարողանում մինչև վերջ վերև բարձրացնել: Դրանից հետո ընտանիքն սկսել է նրան հիվանդանոցից հիվանդանոց տանել: Ի վերջո հայտնվել են Քեյփթաունի մերձքաղաքային հիվանդանոցում, որովհետև միայն այդտեղ է տվյալ հիվանդության մասին բժիշկն ինչ-որ գաղափար ունեցել:
 
Ֆրեդերիկսի բախտն այնքանով է բերել, որ նրա ընտանիքը շատ հարուստ է, և հիմա երիտասարդի ծնողները մտածում են նրա համար հատուկ սենյակ կահավորել այն բոլոր անհրաժեշտ պարագաներով, որոնք նրան կօգնեն, երբ հիվանդությունը կզարգանա: 
 
18 տարեկանում արդեն իսկ խիստ ոսկրացել են ձեռքերը, ուսերն ու վզի մի մասը, իսկ ահա մարմնի ներքևի հատվածը դեռևս միանգամայն անվնաս է: