«Այն աշխարհից հետ եկած» մահամերձների փորձը՝ գիտնականների զննության ներքո

Մահվան առեղծվածը մարդու միտքը երևի միշտ է զբաղեցրել, բայց մեր օրերում մի եզակի երևույթ՝ կլինիկական մահից հետ գալը, մտորումների, ենթադրությունների ու քննարկումների լայն դաշտ է բացել: Շատ գիտնականներ են ուսումնասիրում այդ երևույթը, որպեսզի գտնեն հարցի պատասխանը՝ մահից հետո կյանք կա՞, թե ամեն ինչ ավարտվում է սրտի զարկերի դադարի հետ: Նրանք հավաքում են կլինիկական մահ տարած մարդկանց պատմություններն իրենց ապրումների ու տեսիլքների վերաբերյալ, իսկ արդի ժամանակներում «մեկ ոտքով գերեզմանում հայտնված» մարդկանց թիվը բավական մեծ է:
 
Քննարկման նյութ դարձնելով այս երևույթը՝ paranormal-news.ru կայքը հաղորդում է, որ ըստ որոշ տվյալների՝ վերակենդանացում ապրած յուրաքանչյուր երրորդ մարդ «այն կողմում» տեսել է վառ լույս, իր մահացած ազգականներին, անգամ՝ վաղուց մահացած տնային կենդանիներին, որոց ժամանակին փայփայել են: Այս տվյալները պարբերականը քաղել է մի հոդվածից, որի հեղինակներն են Մանչեստրի համալսարանից Նիլ Դագնալը և Քեն Դրինքուոթերը՝ ճանաչողական հոգեբանության դասախոս և հարահոգեբան: 
 
Սակայն որքան էլ նման հաղորդումներ հաճախակի են լինում, գիտությունն առայժմ չի կարողանում պարզորոշ բացատրել, թե իրականում ի՞նչ են տեսել այդ մարդիկ: Անգամ դեռևս չի պարզաբանվում՝ նրանց տեսածը թթվածնի քաղց ապրող ուղեղի տեսիլքնե՞ր են, թե՞ իրոք այն կողմում մի բան կա:
 
Բելգիայի Լյեժի համալսարանի հետազոտողները հավաքել և վերլուծել են 154 մարդու գրավոր հաշվետվությունները, ովքեր կլինիկական մահ են ապրել և անսովոր երևույթներ են տեսել: Հաղորդումների վերլուծությունը ցույց է տվել, որ մահվան մահճում գտնվող մարդիկ 4-5 տեսակի երևույթների են բախվում: 
Ամենաշատը, որի մասին մահամերձները հետո պատմել են, հաշտված լինելու, հանդարտության զգացումն է (մասնակիցների 80%-ը): Պայծառ լույս տեսել է հարցման մասնակիցների 69%-ը, իսկ մեռած հարազատների հետ հանդիպման մասին խոսել է 64%-ը: Ամենահազվադեպը՝ ընդամենը 5%, սրընթաց մտքերով տարվելն է, այնուհետև մարգարեական տեսիլքներ ունենալը՝ 4%:   
 
Գիտնականները պարզել են, որ տեսիլքների վրա ներգործում են մահամերձների մշակութային մակարդակն ու տարիքը: Օրինակ հինդուսները մահվանից հետո տեսնում են մահվան աստծուն, իսկ քրիստոնյաները՝ Հիսուս Քրիստոսին: Երեխաներն ավելի հաճախ վառ լույսերի մեջ տեսնում են ընկերներին և ուսուցիչներին: 
 
Սովորաբար նման տեսիլքների փորձը դրական է լինում: Մարդիկ դադարում են մահից վախենալ, ընդհանուր տագնապը քչանում է, և նրանք առավել կենսուրախ են դառնում:  Մի բան, որ հնարավոր չէ ասել այն քչերի մասին, ում «բախտ է վիճկվել» տեսնել այն, ինչ կարելի է Դժոխք կոչել: 
 
Նյարդակենսաբաններ Օլաֆ Բլանկը և Սեբաստյան Դիգուեզը առաջարկում են առանձնցանել մերձիմահ փորձի երկու տեսակ: Առաջինն ինչ-որ կերպ առնչվում է ուղեղի ձախ կիսագնդին, ժամանակի զգացողությունը կորցնելու առանձնահատկությանը և թռիչքից ունեցած տպավորությանը: Երկրորդն առնչվում է աջ կիսագնդին, որի դեպքում տեսնում և հաղորդակցվում են հոգիների հետ, լսում են ձայներ, այլ հնչյուններ կամ երաշժտություն: 
 
Առայժմ պարզ չէ, թե ինչու գոյություն ունեն մահամերձ վիճակում ունեցած ապրումների տարբեր տիպեր, և թե հատկապես ինչպե՞ս են ուղեղի հատվածների միջև տարբեր  փոխազդեցությունները արտադրում այդ ապրումները: 
Ժամանակի մասերը նույնպես կարևոր դեր ունեն կլինիկական մահվան տեսիլքների մեջ: Ուղեղի այդ հատվածը մասնակցում է զգայական տեղեկություններ և հիշողություն մշակելու գործին, և այդ հատվածի շեղված աշխուժությունը կարող է տարօրինակ զգացողություններ և ընկալումներ առաջ բերել:  
 
Հավատացյալ մարդիկ համարում են, որ մերձիմահ վիճակի փորձը ապացույց է մահից հետո կյանքի գոյության, մասնավորապես՝ մարմնից անջատվող հոգու անմահության: Մինչդեռ կլինիկական մահվան գիտական բացատրությունները հենվում են ուղեղի այնպիսի աճպարարության վրա, ինչպիսին ապանձնավորումն է  (դեպերսոնալիզացիա), որը մարդուն իր մարմնից անջատ լինելու զգացողություն է պատճառում: 
 
Կա նաև մի տեսություն, ըստ որի՝ մերձիմահ վիճակի վրա ազդում են նաև ցավազրկողները: Օրինակ՝ կետամինը, որը տեսապատրանքներ է առաջացնում: Մեկ այլ խումբ գիտնականներ ենթադրում են, թե մահամերձի վերապրածն ի հայտ է գալիս դիմեթիլտրիպտամինի (DMT) պատճառով՝ հոգեմետ բժշկական պատրաստուկ, որը բնության մեջ հադիպում է որոշ բույսերի բաղադրությունում: 
Հոգեբանության պրոֆեսոր Ռիք Շտրասմանը 1990-1995թթ. դիտարկել է այնպիսի մարդկանց մահամերձ վիճակները, ովքեր անբնական երևույթների են բախվել DMT ներարկելուց հետո: Շտրասմանի կարծիքով՝ մարմինն ունի DMT-ի բնական ակունք, որը օրգանիզմում զատվում է ծննդյան և մահվան պահերին: Եթե այդպես է, ապա մարդը այդ երևույթները կվերապրի նաև առանց դեղամիջոցի ներարկման:  
Պարբերականը շեշտում է՝ այնուամենայնիվ չկա ոչ մի համոզիչ ապացույց, որը հաստատի այս գիտնականի տեսանկյունը: Ընդհանրապես, քիմիական նյութերի ներգործության տեսությունը զուրկ է ճշգրտությունից, և դրանցով հնարավոր չէ բացատրել մահամերձ վիճակն ամբողջությամբ: 
 
Հետազոտողների մի մասը մահամերձ վիճակը բացատրում է ուղեղում թթվածնի անբավարարությամբ: Մի հետազոտող գտել է օդաչուների, ովքեր մեծ արագությունների ժամանակ գիտակցության կորուստ են ունեցել և նկարագրել են տեսիլքներ, որոնք շատ նման են մահամերձների նկարագրածին: 
Թթվածնի անբավարարությունն, իրոք, կարող է զգայապատրանքներ հարուցել, և դրանք կարող են նման լինել մերձիմահ վիճակի ապրումներին: 
 
Նման վիճակի ամեն ամենատարածված բացատրությունը, սակայն, մեռնող ուղեղի վարկածն է: Այդ տեսությունը ենթադրում է, թե ամեն ինչ ուղեղի բջիջների մեռնելու հետևանքով է տեղի ունենում: Սակայն սա նույնպես արժանահավատ տեսություն չէ, քանի որ այն նույնպես չի կարող բացատրել կլինիկական մահվան դեպքում ի հայտ եկող երևույթները: Օրինակ՝ սեփական մարմնից դուրս գալը և մարմնից վերև՝ առաստաղի տակ լողալը: 
 
Առայժմ միանշանակ բացատրություն չկա, թե ինչու են կլինիկական մահ տարածները տեսիլքներ ունենում: Բայց արդի հետազոտողներն ավել հաճախ են փորձում դա ուսումնասիրել: Լինի դա ինչ-որ շեղումային, թե մաքուր ֆիզիոլոգիական երևույթ՝ մահմերձ վիճակի փորձը մարդկանց համար շատ կարևոր է: Այն իմաստ է հաղորդում կյանքին, շատ մարդկանց էլ մահից հետո շարունակվելու հույս ներշնչում: