Թեքեյանական 9-րդի հաղթողները

Ամենամյա այս մրցույթն իրականացվում է «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի կողմից՝ 2010 թվականից ի վեր: Այն ընդգրկում է երեք առարկա՝ մաթեմատիկա, անգլերեն լեզու, հայոց լեզու/գրականություն և խրախուսում է բարձր առաջադիմությունը, ոգևորությում է աշակերտներին, հնարավորություն է ընձեռում առողջ մրցակցության պայմաններում դրսևորել իրենց գիտելիքներն ու արժանանալ մրցանակների, ինչպես նաև՝ ծանոթանալ տարբեր մարզերում բնակվող հասակակիցների հետ:
 
Այս տարի ևս մրցույթում իրենց ուժերը չափեցին Հայաստանի՝ Երևանի, Գյումրիի, Ստեփանավանի, Կարբի գյուղի և Արցախի՝ Բերձորի, Վ. Թեքեյանի անվան դպրոցների, ինչպես նաև Հայաստանի սիրիահայ համայնքի 85 8-րդ դասարանի աշակերտներ: 
 
Մրցույթից հետո, մինչ մասնագիտական հանձնախումբը կամփոփեր արդյունքները, մասնակիցներին առաջարկվեց հյուրասիրություն եւ մշակութային ծրագիր Թումանյանական տարվա շրջանակներում` «Շունն ու կատուն» ներկայացումը Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: Այնուհետեւ միջոցառումը կրկին տեղափոխվեց Թեքեյան Կենտրոն, որտեղ տեղի ունեցավ օլիմպիադայի մրցանակաբաշխության արարողությունը, և հայտարարվեցին հաղթող ճանաչված աշակերտների անունները: Սակայն պետք է նշել, որ չկային պարտվողներ, քանի որ բոլոր մասնակիցներին ԹԿՀ կողմից տրվեցին խրախուսական մրցանակներ՝ Հ. Թումանյանի բանաստեղծությունների և քառյակների ժողովածուներ և այլն:
 
Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ ԿԳՆ սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը, ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական և միջազգային կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ Անահիտ Դավթյանը, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Ուզունյանը (Լոնդոն), Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ և այլք: 
 
Ողջունելով հյուրերին ու օլիմպիադայի մասնակիցներին և շնորհավորելով հաղթողներին, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը կարևորեց նմանատիպ ծրագրերը, որոնք նպաստում են հայ դպրությանն ու նոր սերնդի դաստիարակությանը: Տնօրենը նաև շնորհակալություն հայտնեց մասնագիտական հանձնախմբին ծավալուն և անկողմնակալ աշխատանքի համար:
 
Թեքեյանական 9-րդ օլիմպիադայում առաջին մրցանակի՝ եռօրյա ուղեւորություն դեպի Արցախ և Հայաստան երկու անձի համար, արժանացան Արմանուշ Մարգարյանը (Բերձոր. «Հայոց լեզու և գրականություն»), Աշխեն Շահբազյանը (Երևան. «Մաթեմատիկա»), Սագո Պազարճեանը (Սիրիա. «Անգլերեն լեզու»):