Կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ս.թ. հուլիսի 7-14-ը կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը, որը կազմակերպում է «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությունը:
 
Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև աշխարհի հեղինակավոր կինոփառատոներից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից, ընտրվել են մի շարք կինոնկարներ: Փառատոնն ունի միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական) մրցութային ծրագիր, որը ներառում է 12 ֆիլմ ավելի քան 17 երկրներից և կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ, որը  ներառում է 25 ֆիլմ՝ Հայաստանից, Թուրքիայից, Իրանից և Վրաստանից: 
 
Այս տարվա լիամետրաժ մրցույթի ժյուրին կնախագահի ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն, իսկ փառատոնի հատուկ հյուրն է մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը: Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն է ռեժիսոր Պիպո Մեցապեսան (Իտալիա): Ժյուրիի կազմում ընգրկված են նաև օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) և «Clermont-Ferrand» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ Բոլոնը: 
 
«Ոսկե ծիրանի» շրջանակում կանցկացվի նաև կինոլորտի երիտասարդ մասնագետների զարգացման «Talent Lab» ծրագիրը: Այն առաջին անգամ իրականացվելու է փառատոնի օրերին` հուլիսի 9-12-ը: «Talent Lab»-ը բաղկացած է չորս աշխատարանից, որոնք նախատեսված են դերասանների, պրոդյուսեր/ռեժիսորների, նկարիչների, կինոքննադատների համար: