Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող լսարան և գրադարան` Զինվորի տանը

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվել է ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող լսարան:

Ռոբերտ Աբաջյանի պապիկի` Գևորգ Աբաջյանի խոսքով` ընտանիքը սիրով է ընդունել առաջարկը` լսարանն անվանակոչել Ռոբերտ Աբաջյանի անունով, պայմանով, որ իրենց որդին որպես հավաքական կերպար իր մեջ պետք է ամփոփի հայրենիքի համար կյանքը տված բոլոր հերոսներին:

Ողջունելով հյուրերին, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը  նշեց, որ այսօր նշանակալից օր է, քանի որ քաղաքային հիվանդանոցի շենքն իր 100-ամյակը դիմավորում է նորակառույց գրադարանով, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվան լսարանով, նոր հիվանդասենյակներով՝ իր հաղթանակած ուղին շարունակելով «զինվորի տուն» պատվավոր կոչումով:

- Այստեղ բացված առաջին լսարանն անվանակոչել ենք Ռոբերտ Աբաջյան հերոսի անունով, ով իր կյանքը զոհեց, սակայն ազգի արժանապատվությունը չհանձնեց,- ասաց ռեկտորը` նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար շնորհակալություն հայտնելով ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի հայ բժիշկների միության ղեկավարներին, որոնց դրամահավաքի արդյունքում իրականություն է դարձել այս ազգանվեր գործը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ սփյուռքի գործոնը շատ կարևոր է հայրենիքի պաշտպանության գործում:

- Այսօր հպարտություն են զգում` կանգնելով այստեղ բուժվող զինծառայողների կողքին,- ասաց նա` հավելելով, որ ԵՊԲՀ-ի և ռեկտոր Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ իրականացվող  ծրագրերը ծառայում են ի նպաստ պետության:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարին մասնակցող պատվիրակությունների ներկայացուցիչներ, անվանի բժիշկներ, հյուրեր, այդ թվում՝ մերօրյա հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը: Որոշում է կայացվել հաջորդ լսարանն անվանակոչել Արմենակ Ուրֆանյանի անունով:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը նախատեսում է համալրել նորաբաց գրադարանը գրքերով: Ինչպես նշեց Արմեն Մուրադյանը, գրադարանի առաջին 50 գիրքը նվիրել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանը:
Նշենք, որ միջոցառման մասնակիցներին իր հայերեն կատարումներով ողջյունեց ԵՊԲՀ-ում սովորող հնդիկ ուսանողուհին` ցույց տալով հարգանքը հայ ժողովրդի ու նրա մշակույթի հանդեպ: