Նպատակը՝ համախմբել արվեստի միջոցով

«HOPE FOR DREAMS» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԿՄԻԱՎՈՐԻ ՆԵՐԱՌԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

Նպատակն, իհարկե, բարի է, արդյունավետությանն էլ չենք կասկածում, բայց ինչո՞ւ օտարաբառ է նախագծի անվանումը։ Ի դեպ, օտար լեզվի չտիրապետելու իրենց իրավունքից օգտվողներին հուշենք, որ «Hope For Dreams»-ի հայերեն բառացի համարժեքը կլինի «Հույս երազանքների համար»։
 
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Կողք կողքի» ներառական կրթամշակութային հասարակական կազմակերպության և «Աուտիզմ» ազգային հիմնադրամի նախաձեռնությամբ 2022 թ. ապրիլի 15-ից մեկնարկել է «Մշակույթի  և կատարողական արվեստի  զարգացումը ներառական կրթության մեջ» խորագրով «Hope For Dreams» երաժշտական նախագիծը: 
 
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը, նախագծի մասնակիցներն են այն երիտասարդ երաժիշտները, հաշմանդամություն  ունեցող երեխաներն ու դեռահասները, որոնք ամիսներ շարունակ փորձերի  և վարպետաց դասերի շնորհիվ հանրությանը ներկայացել են համերգային ծրագրով:
 
Միջոցառման նպատակն է արվեստի միջոցով համախմբել ներառական, կրթական  և մշակութային ոլորտները, մարդասիրություն տարածել՝ ապացուցելով, որ սահմանափակ կարողությունները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ, երբ անձն արվեստի որևէ բնագավառում ունի կատարելագործվելու և ինքնադրսևորվելու հնարավորություն:
 
Նախագծի  առաջին համերգը կայացել է մայիսի 25-ին «Նարեկացի» արվեստի միությունում, իսկ հունիս-հուլիս ամիսներին նախատեսվում են համերգներ Գյումրիում և Արցախում: Ծրագիրը կավարտվի հուլիսի 15-ին Արցախում: 
 
Հավելենք, որ «Hope For Dreams» երաժշտական նախագիծն առցանց մասնակցել է Մոսկվայում կայացած «Солнечная музыка» երաժշտական ներառական փառատոնին և արժանացել  գովասանագրի: