Բարդ ժամանակահատվածում ՊՊԾ-ն իր առջև դրված խնդիրը կատարել է, ինչն արժանի է գնահատանքի. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
 
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը և պաշտոնատար այլ անձինք:
 
Վարչապետը շնորհավորել է Պետական պահպանության ծառայության ներկայացուցիչներին տոնական օրվա կապակցությամբ և նշել, որ ՊՊԾ-ն իրականացնում է առանձնահատուկ գործառույթներ, որոնք չափազանց կարևոր են պետության բնականոն գործունեության համար:
 
- Ես պիտի ընդգծեմ, որ մենք վերապրել ենք և վերապրում ենք բավականին բարդ ժամանակահատված, և այս ընթացքում Պետական պահպանության ծառայությունն իր առջև դրված խնդիրը կատարել, իր գործառույթն իրականացրել է: Սա արժանի է գնահատանքի: 
 
Այնուամենայնիվ, ինչպես պետական կառավարման բոլոր մարմինները՝ սկսած նախարարություններից, գերատեսչություններից, մենք պետք է երբեք ու երբեք չբավարարվենք մեր աշխատանքի որակով և ամեն օրվա հետ աշխատենք ավելի կատարելագործել այն, մանավանդ, որ աշխատանքը մի երևույթ է, որ միշտ էլ կատարելագործման տեղ ունի,- ասել է վարչապետը: 
 
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Պետական պահպանության ծառայությունը մտնում է  ինստիտուցիոնալ զարգացման նոր փուլ: Վարչապետը հիշեցրել է՝ կառավարության ծրագրի համաձայն և ընդունված քաղաքական որոշմամբ Պետական պահպանության ծառայությունն առաջիկայում՝ օրենսդրական փոփոխություններից հետո, գործելու է որպես Վարչապետին ենթակա մարմին: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՊՊԾ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը: 
 
- Խոսքն անձնակազմի աշխատանքի որակի բարձրացման և տեխնիկական հագեցվածության մասին է: Մենք այս ուղղությամբ, իհարկե, պետք է հետևողական լինենք և լուծենք մեր առջև դրված խնդիրները: Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ կատարված աշխատանքի, ծառայության համար և հաջողություններ մաղթել բոլորիս մեր առջև դրված խնդիրները լուծելու գործում, որովհետև իսկապես մեր Հայրենիքը շատ բարդ ժամանակների միջով է անցնում,  և այդ բարդ ժամանակների անցումը պիտի իրականացվի պատշաճ մակարդակով, որպեսզի այդ ամենի արդյունքում ունենանք անվտանգ, զարգացող, զարգացած երկիր, որտեղ ամեն օրվա հետ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրեն կզգա վստահ և ապագային կնայի առավել վստահ հայացքով ու զգացողությամբ,- նշել է վարչապետ Փաշինյանը: