Նվիված Հայաստանում Ֆիլատելիստական և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՄԱՆԸ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտում մասնակցել է Հայաստանում Ֆիլատելիստական և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը, որը կանցկացվի նոյեմբերի 14-18-ը:
 
Արայիկ Հարությունյանը, ով հանդիսանում է նաև Հայաստանում ֆիլատելիայի և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի կազմկոմիտեի նախագահը, միջոցառման ընթացքում հանդես է եկել ելույթով և շնորհավորել հոբելյանի առթիվ: Մասնավորապես՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ պետությունը պետք է  այս ոլորտին մեծ ուշադրություն դարձնի՝ արձանագրելով, որ անկախությունից ի վեր մինչև վերջին տարիները ֆիլատելիան նահանջ է ապրել և չի ունեցել այն ակտիվությունն ու դերակատարումը, ինչ ուներ 80-ական թվականներին:
 
- Ֆիլատելիային, առաջին հերթին, «Հայփոստ»-ը, հետո՝ Ֆիլատելիստների ասոցիացիան շատ մեծ ուշադրություն սկսեցին դարձնել, և մենք տեսնում ենք, որ ոլորտն արագ զարգանում է, և հետաքրքրությունը ֆիլտաելիայի նկատմամբ մեծանում է: Բոլորիս շնորհավորում եմ այս հոբելյանի առիթով և հույս ունեմ, որ առաջիկա տարիներին մենք էլ ավելի մեծ զարգացում կտեսնենք ոլորտում,-ասել է Արայիկ Հարությունյանը:
 
Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել նաև նամականիշի մարում: «Հայփոստ» ընկերությունը շրջանառության մեջ է դրել նամականիշ՝ նվիրված ««Ֆիլանում» (Ֆիլատելիստների և նումիզմատների միություն) կազմակերպության 100-ամյակ» թեմային: 380 դրամ անվանական արժեքով փոստային նամականիշի վրա պատկերված են խոշորացույց, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի լոգոտիպը, ինչպես նաև «100-ամյակ», «Ֆիլանում» և «Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:   
 
Նամականիշը մարել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը և «ԱԿԲԱ ԲԱՆԿ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: 
 
Ցուցահանդեսի կազմակերպման գործում ունեցած ներդրման և աջակցության համար կազմկոմիտեի անդամներին ու հովանավորներին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանձնել է դիպլոմներ և հուշամեդալներ, որոնք պատրաստվել են Ֆիլատելիսների հայկական ասոցիացիայի կողմից: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին դիպլոմն ու հուշամեդալը հանձնել է Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը: