Արտաքին անվտանգության ապահովումը՝ առանցքային մարտահրավեր

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

Այսօր՝ մարտի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած մամուլի ասուլիսին մասնակցել են 4 տասնյակից ավելի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: 
 
Նախքան ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին պատասխանելը՝ երկրի վարչապետը անդրադարձել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի՝ 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցին:
 
- Սա կարևորագույն փաստաթուղթ է, որը, իհարկե, առաջիկայում մանրամասն կքննարկվի Ազգային ժողովում: Զեկույցի խորհրդարանական քննարկումներից առաջ պատեհ համարեցի հրավիրել նաև այս ասուլիսը՝ նախորդ տարվա արդյունքների և խնդիրների, ինչպես նաև արտաքին և ներքին քաղաքական ընթացիկ վիճակի մասին լրագրողների հետ հարցուպատասխանի ժանրով խոսելու համար: 
 
Վերադառնալով զեկույցին՝ նշեմ, որ 2022 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության ապահովումը: 
 
 
Աշխարհքաղաքական խորացող անկայունությունը, աշխարհակարգի և միջազգային անվտանգության ոլորտներում ակնհայտ դարձող անորոշություններն ու լարվածություններն ավելի են սրում Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության սպառնալիքները,- ընդգծել է Վարչապետը՝ մանրամասնելով․ 
 
- 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական ագրեսիան ընդդեմ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիան, նոր ագրեսիայի չվերացող վտանգը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորված չլինելը, ադրբեջանական զինուժի ներխուժումները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, Լեռնային Ղարաբաղի բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումների դադարեցումները և դրանց հետևանքով Լեռնային Ղարաբաղում ծայր առած հումանիտար, էներգետիկ և բնապահպանական ճգնաժամերը Հայաստանի կառավարությանը թույլ չեն տվել լիարժեք կենտրոնանալ զարգացման օրակարգերի իրագործման վրա: 
 
Այսուհանդերձ, 2022 թվականը դարձել է լայնածավալ բարեփոխումների տարի: Կառավարությունը որդեգրել է անվտանգային մարտահրավերների պայմաններում բարեփոխումների, պետական ինստիտուտների կայացման և հանրապետության զարգացման օրակարգից չշեղվելու քաղաքականություն: 
 
Արդյունքում, 2022 թվականն ամփոփվել է վերջին 15 տարիների համար աննախադեպ՝ 12.6 տոկոս տնտեսական աճով: 2022 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 926 մլրդ ՀՀ դրամ, որը 2017 թվականի նկատմամբ ավելի է 768 մլրդ ՀՀ դրամով  կամ 2 մլրդ 20 մլն ԱՄՆ դոլարով կամ 66.3 տոկոսով, իսկ 2018 թվականի նկատմամբ՝ 670 մլրդ ՀՀ դրամով կամ 1 մլրդ 820 մլն ԱՄՆ դոլարով կամ 53 տոկոսով: 
 
2022 թվականին շարունակվել է գրանցված աշխատատեղերի թվի աճ: Դեկտեմբերին գրանցվել է աշխատատեղերի՝ Հայաստանի պատմության բացարձակ ռեկորդ՝ 704 000 աշխատատեղ: Սա նշանակում է, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է 156 431 աշխատատեղ: 
 
2022 թվականին գործազրկությունը նվազել է և կազմել 13 տոկոս՝ 2018 թվականի 19 տոկոսի համեմատ: Ընդ որում, 2022 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 11.6 տոկոս, որը վերջին 14 տարիների ընթացքում ամենացածր ցուցանիշն է: 
 
2022 թվականի ընթացքում ֆիզիկական անձանց հիփոթեկային վարկի տոկոսների գծով վերադարձվել է 36.5 մլրդ ՀՀ դրամ եկամտային հարկ, որը 2018 թվականի ցուցանիշը գերազանցում է 31.8 մլրդ ՀՀ դրամով կամ շուրջ 680 տոկոսով: Ծրագրի շահառուների թիվը 2022 թվականին կազմել է 29 197 անձ, որը 2018 թվականի ցուցանիշը գերազանցել է 25 176 անձով կամ 626 տոկոսով: Սա նշանակում է, որ 2018 թվականից ի վեր մոտ 25 176 ընտանիք նոր բնակարան է ձեռք բերել նորակառուց շենքերում: 
 
2022 թվականին մեկնարկել և շարունակվել են ինստիտուցիոնալ բարեփոխումները զինված ուժերի, արտաքին և ներքին անվտանգության, կրթության և գիտության, առողջապահության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, տարածքային համաչափ զարգացման, տրանսպորտի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, հակակոռուպցիոն քաղաքականության, ժողովրդավարության և մարդու իրավունքների, դատաիրավական և այլ համակարգերում: 
 
Կառավարությունը շարունակել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն վարել: Այսուհանդերձ, չլուծված է մնում առանցքային խնդիրը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության երաշխավորումը: Մեր գնահատականն այն է, որ այս հարցին մեկ քայլանոց լուծում գոյություն չունի: Այս հարցի լուծման համար անհրաժեշտ են միջազգային, տարածաշրջանային, ռազմաքաղաքական, ներքաղաքական իրադրության խորը վերլուծություն և դրանից բխող քայլեր: Կառավարությունը որդեգրել է հենց այս քաղաքականությունն ու գործելակերպը՝ գիտակցելով, որ ստեղծված իրավիճակը երկրի համար առաջ է բերում լրջագույն սպառնալիքներ և լրջագույն հնարավորություններ: Մեր խնդիրն է՝ ըստ այդմ կառավարել սպառնալիքները և օգտագործել հնարավորությունները: