Նոր մամուլը շա՜տ բան ունի սովորելու «Ավանգարդից»

«ԱՎԱՆԳԱՐԴ» ԹԵՐԹԻ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

    Արդեն մեկ դար առաջնային թերթ է ու այդպիսին էլ կմնա մեր սիրելի «Ավանգարդը»՝ ժամանակների հայելին։ Կյանքի  դրական կողմերը արտացոլելով ձաղկել ու ձաղկում է մեր կյանքում տեղ գտած խորթ երևույթները, ձաղկել ու ձաղկում է օբյեկտիվորեն, առանց կողմնապաշտության և հայհոյանքի։ 
   
Նոր մամուլը շա՜տ բան ունի սովորելու «Ավանգարդից»։
 
Անցյալ դարի 70-ականներին «Ավանգարդի» ամեն մի համարը սպասվում էր սրտի թրթիռով։ Նրա ամեն համարը մի անակնկալ էր, կրպակների մոտ ընթերցողների հերթը չէր պակասում։ Անչափելի է «Ավանգարդի» դերը սերունդների կյանքում։ Շատ ավանգարդականներ (Վարդգես Պետրոսյան, Վիկտոր Բալայան, Սուրեն Մուրադյան, Մուշեղ Գալշոյան, Հովհաննես Մելքոնյան, Արամայիս Սահակյան․․․ դրամատուրգ Վարդգես Շողերյան, Հրաչյա Մաթևոսյան, Լևոն Բլբուլյան․․․) իրենց գրական քայլերը սկսել են «Ավանգարդ» թերթում աշխատելու տարիներին։ Խմբագիր Լորիս Կրոյանի գլխավորությամբ՝ կուռ, համախմբված խմբագրակազմ ունեին․ նախաձեռնություններով հարուստ, հրաշալի աշխատակազմ․․․
     
Մեր հրաշալիքների հրաշալիք թերթը այսօր հարյուր տարեկան դարձավ, սակայն նրան ծերանալ չկա։ Ծերանալ չկա նաև նրա համեստ, տաղանդավոր գլխավոր խմբագիր Ջուլիետա Մարտիրոսյանին, ով ավագ ավանգարդականների պատգամներով ու ոգով է առաջնորդվում, դիմաթերթային (էլեկտրոնային) տարբերակով իր մտքերի առատ լույսը սփռելով բոլորիս սրտերում, հարթակ տալով հնաբնակներին ու նորահաս սերունդներին, և, իհարկե, մատը պահելով ժամանակի զարկերակին։ 
   
Հիշարժան անուններ հնչեցրի և չեմ կարող չհիշատակել, որ իմ առաջին բանաս-տեղծությունների շարքը ևս «Ավանգարդի» էջերում է լույս տեսել։ «Երգիծում են Հրանտ Հորիզոնն ու Գուրգեն Լոռեցին» երգիծական ժողովածուի  թերթային տարբերակը ևս տպագրվել է հենց «Ավանգարդում»։ Շատ են ջերմ հուշերը այս նորարար անունը կրող, բայց երբեք չծերացող թերթի հետ, սակայն, վստահ եմ, շատերն իրենց ասելիքն ունեն այս նշանակալի առիթով, ուստի զիջեմ հերթը մյուս ընկերներին․․․
 
Շնորհավորանքների և բարեմաղթանքների 
վարդափնջերով, նաև Մշակույթի գործիչների 
միության Խորհրդի և ողջ անդամների անունից՝                  
 
Գուրգեն ԲԱԼԱՅԱՆ Լոռեցի
                                                                                                     
Մշակույթի գործիչների միության նախագահ,
գրող, երգիծաբան