«Տարվա կրթական մարզը»՝ «Կորիզ 2023» համադպրոցական մրցույթում

Երեկ՝ նոյեմբերիի 9-ին, Լոռու մարզի քաղաք Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Կորիզ» 2023 մրցույթի «Տարվա կրթական մարզ» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։ 
 
Արդեն երրորդ տարին իրականացվող և կրթական աշխարհում ամենահեղինակավորը դարձած «Կորիզ»  համադպրոցական մրցույթն այս տարի պատրաստել էր հատուկ անվանակարգ՝ «Տարվա կրթական մարզ»։  Անվանակարգում հաղթող է ճանաչվում և կրթական մարզի գավաթն է ստանում այն մարզը, որի մասնակից աշակերտը  լավագույնն է դառնում բոլոր տարիքային խմբերում՝  տարվա ակադեմիական գիտելիքի վրա հիմնված ինտելեկտուալ մրցույթում հավաքելով առավելագույն միավորներ՝ ամենակարճ ժամանակում։ Այս տարի մրցույթում լավագույն արդյունքները ցուցաբերեց քաղաք Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Վալերիկ Պետրոսյանը և հաղթանակ բերեց ոչ միայն իրեն և իր դպրոցին, այլ նաև «Կորիզ» 2023-ի  «Տարվա կրթական մարզ» գավաթը բերեց Լոռու մարզ։ 
 
Մրցանակի հանձնման հանդիսավոր  արարողությանը ներկա էին Լոռու մարզի փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Ոսկանյանը և «Կորիզ» 2023 համադպրոցական մրցույթի հաղթող աշակերտներն ու նրանց ուսուցիչները։
 
Հիշեցնենք, որ «Կորիզ» համադպրոցական մրցույթը հայկական կրթական «Օսկար»-ն է,  որին արդեն հասցրել են մասնակցել ՀՀ և ԱՀ 1399 դպրոցների շուրջ 1184 հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանի ավելի քան 18․250 աշակերտ։ 2020 թվականին ստեղծված «Կորիզ» կրթական շարժումը ընդամենը 3 տարվա ընթացքում իր շուրջը համախմբելով գաղափարակից շուրջ 5  տասնյակ ընկերություն և Հայաստանի կրթությամբ մտահոգ բազմաթիվ մարդկանց՝ կարողացել է իրականացնել իր առջև դրված կարևոր երկու նպատակները՝ խրախուսել աշակերտների կրթվելու մղումը և մեծարել այդ ճանապարհի նրանց գլխավոր առաջնորդին՝ ուսուցչին։
 
Նախորդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, «Կարեն Դեմիրճյանի անվան» Մարզահամերգային համալիրում կայացել էր «Կորիզ» 2023 համադպրոցական մրցույթի մրցանակաբաշխությունը, որին ներկա էին 2000-ից ավելի մասնակիցներ (տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, կրթական դեսպաններ և այլն)։ Շուրջ 80 աշակերտներ, ինչպես նաև նրանց ուսուցիչներն ու տնօրենները ստացան բազմաթիվ խրախուսական և արժեքավոր մրցանակներ (նոութբուքներ, պլանշետներ, բջջային հեռախոսներ, հանգստի հնարավորություն Հայաստանի լավագույն հյուրանոցներում և այլն)։ Լավագույն աշակերտների ուսուցիչները ստացան նաև 500.000 դրամային մրցանակներ։