Կլիմայի փոփոխությունը անմիջական սպառնալիք է հղի կանանց և երեխաների համար
Դուբայում կայանալիք COP28 համաշխարհային համաժողովին ընդառաջ հրապարակված ՄԱԿ-ի գործակալությունների Գործողությունների կոչի համաձայն՝ հղի կանայք, նորածիններն ու երեխաները ենթարկվում են կլիմայական աղետներով պայմանավորված առողջությունը վտանգող ռիսկերի, որոնք պահանջում են անհապաղ ուշադրություն:
- Պաշտպանելով մայրական, նորածինների և երեխայի առողջությունը կլիմայի փոփոխության ազդեցությունից» փաստաթղթի համաձայն՝ ցայսօր կլիմայական իրադարձությունների ազդեցությունը մոր և մանկան առողջության վրա անտեսվել և թերագնահատվել է: Փաստաթուղթն ընդգծում է, որ կլիմայի փոփոխության հետևանքների դեմ արձագանքմանը վերաբերող շատ փոքր թվով երկրների ծրագրերում է միայն հաշի առնվում մոր կամ մանկան առողջությունը՝ դա նկարագրելով որպես «կլիմայի փոփոխության դիսկուրսում կանանց, նորածինների և երեխաների կարիքների նկատմամբ անբավարար ուշադրության ակնառու բացթողում և խորհրդանշական փաստ»:
Կլիմայի փոփոխությունը կենսական նշանակության վտանգ է ներկայացնում բոլորիս համար, սակայն հղի կանայք, նորածիններն ու երեխաները կրում են ամենածանր հետևանքները, - նշել է Բրյուս Այլվարդը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համընդհանուր առողջապահական ծածկույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալը: «Երեխաների ապագան պետք է գիտակցաբար պաշտպանվի, ինչը նշանակում է, որ պետք է հիմա կլիմայական գործողություններ ձեռնարկել՝ հանուն նրանց առողջության և կյանքի պահպանման՝ միաժամանակ ապահովելով, որ նրանց եզակի կարիքները ճանաչվեն կլիմայի փոփոխության հետևանքների դեմ արձագանքում»:
2023 թվականին տեղի են ունեցել մի շարք ավերիչ կլիմայական աղետներ։ Անտառային հրդեհները, ջրհեղեղները, ջերմային ալիքներն ու երաշտը մարդկանց ստիպում են տեղահավել, ոչնչացնում են մշակաբույսերն ու ընտանի կենդանիներին, իսկ օդի աղտոտվածությունը շարունակաբար վատթարանում է: Երկիր մոլորակի վրա ջերմաստիճանի բարձրացումը մեծացնում է մահացու հիվանդությունների տարածումը, ինչպիսիք են խոլերան, մալարիան և դենգե տենդը, ինչը ծանր հետևանքներ է առաջացնում հղի կանանց և երեխաների շրջանում:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ վնասը կարող է սկսվել ընդհուպ արգանդից՝ հանգեցնելով հղիության հետ կապված բարդությունների, վաղաժամ ծննդաբերության, նորածինների ցածր քաշի և մեռելածնության: Երեխաների համար հետևանքները կարող են հարատև լինել՝ տարիքի հետ ազդելով նրանց մարմնի և ուղեղի զարգացման վրա:
- Կլիմայի փոփոխության հետևանքների դեմ արձագանքում հաճախ անտեսվում է հանգամանքը, որ երեխաների մարմինն ու միտքը եզակիորեն խոցելի են աղտոտվածության, մահացու հիվանդությունների և էքստրեմալ եղանակի ազդեցության նկատմամբ,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի գծով գործադիր տնօրենի տեղակալ Օմար Աբդին:- Այս բացթողումը հետագա վտանգներ է ծնում։ Կլիմայական ճգնաժամը խախտում է յուրաքանչյուր երեխայի առողջության և բարեկեցության հիմնարար իրավունքը: Մեր հավաքական պարտականությունն է՝ հասկանալ և երեխաներին դնել կլիմայական հրատապ գործողությունների կենտրոնում՝ սկսած COP28-ից: Սա այն պահն է, որ վերջապես կարող ենք երեխաներին ներառել կլիմայի փոփոխության հետևանքների դեմ պայքարի օրակարգում:
Գործողության կոչը ընդգծում է յոթ հրատապ քայլեր՝ ուղղված այս աճող ռիսկերի դեմ պայքարին: Դրանք ներառում են ջերմոցային գազերի արտանետումների կայուն կրճատումը և կլիմայի փոփոխության դեմ ուղղված գործողությունների ֆինանսավորումը, ինչպես նաև հղի կանանց, նորածինների և երեխաների կարիքները կլիմայի և աղետների հետ կապված քաղաքականության մեջ ներառումը: Գործակալությունները նաև կոչ են անում ավելի շատ հետազոտություններ անցկացնել՝ ավելի լավ հասկանալու կլիմայի փոփոխության ազդեցությունը մոր և մանկան առողջության վրա:
- Մենք պետք է ճիշտ հարցադրումներ անենք՝ գտնելու կլիմայական հարցի լուծումներ, որոնք հաշվի են առնում կանանց և աղջիկների առողջապահական կարիքները, - նշել է Դիեն Քեյտան՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ծրագրերի գծով գործադիր տնօրենի տեղակալը: - Կլիմայի փոփոխության դեմ գլոբալ լուծումները պետք է աջակցեն, ոչ թե անտեսեն, գենդերային հավասարությունը:
Գործողության կոչը հրապարակվել է ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից՝ միջոցառման առցանց մեկնարկի ժամանակ, Հանուն մոր, նորածինների և մանկան առողջության գործընկերության (PMNCH) շահերի պաշտպանության ամփոփագրի հրապարակման հետ մեկտեղ:
- Կլիմայի փոփոխությունը մեր ժամանակների ամենամեծ միջսերնդային անարդարությունն է: Կանանց, երեխաների և դեռահասների առողջության և իրավունքների պաշտպանության կարևորությունը կլիմայական ճգնաժամի պայմաններում անվիճելի է, -նշել է PMNCH-ի խորհրդի նախագահ և Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Հելեն Քլարքը: - Յուրաքանչյուր շահագրգիռ կողմ՝ կառավարություններից մինչև մասնավոր հատված և առողջապահության ոլորտի մասնագետներ, կարևոր դեր է խաղում առավել խոցելի հատվածին պաշտպանող քաղաքականության և գործողությունների առաջխաղացման գործում: Կանանց, երեխաների և դեռահասների առողջապահական կարիքները կլիմայի փոփոխության հետևանքների դեմ արձագանքների մեջ ներառելու հրատապությունը ոչ միայն բարոյական հրամայական է, այլև արդյունավետ ռազմավարություն՝ երկարաժամկետ օգուտներով դիմակայուն և առողջ հասարակություններ ունենալու համար: