«Կողք կողքի» անվանումը արտացոլում է փառատոնի գաղափարն ու նպատակը․ Դանիել Դանիելյան

Դեկտեմբերի 3-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակված Հաշմանդամների միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Կողք կողքի» 4-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգը։
 
Համերգին ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, պաշտոնատար անձինք, Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելություններ իրականացնող կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր։   
 
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նախարար ժաննա Անդրեասյանի անունից ողջունել է ներկաներին, շնորհավորել փառատոնի մասնակիցներին և կազմակերպիչներին կարևոր նախաձեռնության իրականացման համար։
 
Դանիել Դանիելյանի նշմամբ՝ նախարարությունն անչափ կարևորում է ներառական ծրագրերը և իր աջակցությամբ մշտապես փառատոնի կողքին է․ «Ներառական ծրագրերը նախարարության ռազմավարության առանցքային կետերից են՝ ԿԳՄՍ բոլոր ոլորտներում։ Այս ուղղությամբ իրականացվում են բազմաթիվ նպատակային ծրագրեր, և այս փառատոնը մշակույթի ոլորտում ներառականության ապահովմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերից մեկն է։ Փառատոնն ունի խոսուն անվանում՝ «Կողք կողքի»․ այն արտացոլում է փառատոնի գաղափարն ու նպատակը՝ միասնականությունն ու միմյանց սատարումը։ Եվ հատկանշական է, որ այսօր այստեղ՝ մեկ հարթակում, ձեռք ձեռքի հանդես են գալիս անվանի երաժիշտներն ու առանձնահատուկ կարողություններով երեխաները և պատանիները։ Սա բարության, սիրո, միմյանց գնահատելու հրաշալի դրսևորում է»։ 
 
Նախարարի տեղակալը փառատոնին մաղթել է կանաչ ճանապարհ և հաջողություններ։ 
«Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի  հիմնադիր-ղեկավար Նաիրա Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել փառատոնի աջակիցներին, հովանավորներին, գործընկերներին։
 
«Արդեն 4-րդ տարին է անցկացվում փառատոնը, և ԿԳՄՍ նախարարությունը մշտապես մեր կողքին է: Առաջին տարին փառատոնն անցկացվել է հանրապետության տարածքում՝ ընդգրկելով Երևանի և մարզերի ներառական կենտրոնների սաներին: Սակայն հաջորդ տարիներին փառատոնը լայնացրել է իր աշխարհագրությունը՝ դառնալով միջազգային: Այս չորս տարիների ընթացքում մեծ աշխատանք է արվել, սակայն դեռևս շատ անելիքներ ունենք առջևում»,- ասել է Նաիրա Սարգսյանը:
 
Գալա համերգին առանձնահատուկ կարողություններով երեխաներն ու պատանիները երաժշտաոլորտի անվանի երաժիշտների, երաժշտական խմբերի, անհատ-կատարողների հետ ելույթ են ունեցել վոկալ, երաժշտական, պարային կատարումներով: Հայաստանյան մասնակիցների հետ հանդես են եկել նաև Ռուսաստանի, Բահրեյնի, Վրաստանի ներկայացուցիչները:
 
Այս տարի փառատոնում ընդգրկված էր շուրջ 150 երեխա՝ ՀՀ մարզերի, Երևանի տարբեր ներառական կենտրոններից և արտերկրից։ 
 
Նշենք, որ փառատոնը մեկնարկել է առանձնահատուկ կարողություններ ունեցող երեխաների և պատանիների նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսով: Հ. Թումանյանի թանգարանի «Ռոտոնդա» ներառական թատերախումբը հանդես է եկել «Էսպես չի մնա» /ըստ Հ. Թումանյանի/ ներկայացումով: Տեղի են ունեցել համերգ և «Ամբրելա» ռուսաստանյան ներառական նախագծում հաղթող ճանաչված հայ մասնակիցների մրցանակաբաշխության արարողությունը:
 
Փառատոնի շրջանակում Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի ներառական կրթության ոլորտի հեղինակավոր մասնագետները հայաստանյան գործընկերների հետ կիսվել են իրենց փորձով։ Կլոր սեղանի շուրջ քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, մարտահրավերներն ու արդի միտումները: 
 
Նշենք նաև, որ փառատոնն իրականացրել է «Կողք կողքի» կրթամշակութային ՀԿ-ն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո։ 
 
Փառատոնի հովանավորն է «ArLeAM» ընկերությունը, գործընկերները՝ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնը, «Աուտիզմ» ազգային հիմնադրամը: