«Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում
Բոտսվանայի Կասանե քաղաքում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 18-րդ միջկառավարական նստաշրջանը, որի ընթացքում գրանցվել է Հայաստանի Հանրապետության 8-րդ՝ «Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը։
Ինչպես մանրամասնել են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից՝ տարրը վերաբերում է Գյումրի քաղաքում դարբնության ավանդույթը պահպանող և սերնդեսերունդ փոխանցող արհեստավոր ընտանիքներին, անհատ դարբիններին, դարբնությունը որպես կիրառական արվեստ-արհեստի ճյուղ դասավանդող մասնագիտական կրթական հաստատություններին, գեղարվեստական դարբնության նմուշները որպես քաղաքային մշակույթի յուրահատուկ տարր պահպանող ու ցուցադրող թանգարաններին, Գյումրի քաղաքի արհեստագործական ավանդույթների պահպանմամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին և լայն առումով Գյումրի քաղաքի բնակիչներին, որոնք մինչ օրս պահպանում են դարբնոցում վարպետների պատրաստած իրեր պատվիրելու և գործածելու ավանդույթը։
Հատկապես կարելի է առանձնացնել Պապոյանների, Մարտիրոսյանների, Մնոյանների ընտանիքները, որոնք արդեն 5-6 սերունդ պահպանում ու փոխանցում են դարբնությունը ընտանիքում՝ պապից հորը և հորից որդուն։
«Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը պատրաստվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի խորհրդատվական աջակցությամբ: Հայտի պատրաստմանը մասնակցել են ՀՀ Շիրակի մարզպետարանը և քաղաքապետարանը, դարբիններ Գարիկ Պապոյանը, Գագիկ Մարտիրոսյանը, Հովհաննես Մնոյանը, «Եռանկյունի» դարբնոցը, Գյումրու «Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան» և «Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ները, «Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարան» ՀՈԱԿ-ը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը, «Սրբազան հող» և «Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունները:
«Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտի գրանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարևոր իրադարձություն է Գյումրի քաղաքի մշակույթի արժևորման ուղղությամբ, մասնավորապես արհեստագործության այնպիսի ճյուղի, ինչպիսին դարբնությունն է։
Տարրի գրանցումը ցանկում մեկ անգամ ևս արժևորում է Գյումրի համայնքը, տոհմիկ դարբինների վարպետությունն ու գիտելիքը: Այն կնպաստի դրանց զարգացմանն ուղղված նոր գաղափարների ու ծրագրերի իրականացմանը՝ բարձրացնելով դարբնության միջազգային ճանաչելիությունը: