Մասնակի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են
Քոբայրավանքի սեղանատան և Սանահինի վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի վերականգնման աշխատանքներն ավարտվել են (տեղեկացրել են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից)։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով Լոռու մարզի Քոբայրավանքի սեղանատան և Սանահին վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են։
ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները հերթական անգամ այցելել են հուշարձաններ՝ հեղինակային և տեխնիկական հսկողության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ արված աշխատանքների արդյունքներին ծանոթանալու նպատակով։
Տեղում շինարարներին հանձնարարվել է մաքրել տարածքները մնացած շինարարական աղբից և տախտակամածերից։
Նշենք, որ Քոբայրավանքի սեղանատան վերականգնման աշխատանքները վերսկսվել էին 2022 թ․։ Սեղանատան հատակին բացված թոնրի և ջրավազանի տարածքների հասանելիությունը համապատասխան կահավորմամբ սահմանափակվել է: Հատակը կնորոգվի հաջորդ տարի։
Սանահին վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգման աշխատանքները ևս ավարտվել են, տարածքը մասնակի բարեկարգվել է, ճիմապատվել, կառուցվել է հենապատ։ Սբ Ամենափրկիչ եկեղեցու ներսում ջրերի շարունակական ներթափանցումն ու կաթոցները վերացվել են։