«Սասունցի Դավիթ» էպոսը՝ պատանիների ոգեշնչման աղբյուր

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԷՊՈՍԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂ» ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԸ

«Սասունցի Դավիթ» էպոսի առաջին հրատարակության 150-ամյակի և առաջին համահավաք բնագրի 85-ամյակի (1939) առթիվ Հայաստանի ազգային գրադարանում անցկացվեց ««Սասունցի Դավիթ» Էպոսի լավագույն ընթերցող» խորագրով խաղ-մրցույթ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական հիմնադրամի (Պոլիտեխնիկի) ավագ դպրոցի աշակերտների «Սասուն», «Առյուծ Մհեր», «Մարաթուկ» թիմերի միջև: Երեք թիմերն էլ փայլեցին էպոսի՝ իրենց համակողմանի իմացությամբ: Հաղթեց «Մարաթուկ»-ը:
 
Հիմնադրամի ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, բանասիրական գիտությունների թեկնածու Շուշանիկ Կուրղինյանը հիշեցրեց՝ 1874-ին հայ հոգևորական, բանասեր-բանահավաք, ազգագրագետ Գարեգին Սրվանձտյանը տպագրեց «Գրոց ու բրոց» ավանդությունների ու զրույցների ժողովածուն, որի հավելվածում լույս տեսավ «Սասնա ծռեր» էպոսի՝ իր հայտնաբերած ու գրառած առաջին պատումը՝ «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։
 
 
- Սա հրաշալի առիթ է անդրադառնալու մեր ազգային հարստությանը: Միջոցառումը  նպատակ ունի մատաղ սերնդի շրջանում խրախուսելու էպոսի ընթերցումը, խթանելու դրա ճանաչումն ու բացառիկ դերի գիտակցումը,- ընդգծեց Կուրղինյանը:
 
Մրցույթի ժյուրիի նախագահ, գրականագետ, էպոսագետ, բ.գ.թ., ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դասախոս Հայկ Համբարձումյանը նշեց, որ հայ ժողովուրդն էպոսի մեջ գտնում է իր էությունը, ինքնությունը, ձգտում նմանվել էպոսի հերոսներին, հատկապես Սասունցի Դավթին: Նա ընդգծեց, որ էպոսի կարևոր ուղերձներից է ազնվությունը սեփական երկրի, հայրենիքի, անցյալի հիշատակների նկատմամբ:
 
Գրականագետը բարձր գնահատեց խաղ-վիկտորինան և էպոսի վերաբերյալ մասնակիցների խոր գիտելիքները՝ նշելով, որ հոբելյանական միջոցառումներն առիթ են՝ առնչվելու համար մեր մեծ ու գաղափարական արժեքների հետ:
 
Ժյուրիի անդամ, արվեստաբան, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը հայտնեց, որ խիստ տպավորված, ավելին՝ հիացած է պատանիների՝ էպոսի իմացությամբ, և՝ որ նրանք, իրենց գիտելիքներով ու արժանավայել պահվածքով, ապագայի մեծ հույս են ներշնչում:  
 
Միջոցառմանը զուգահեռ Ազգային գրադարանի փոքր ցուցասրահում բացվեց հայկական ժողովրդական էպոսին նվիրված գրականության ցուցադրություն։ Ցուցադրված է Գարեգին Սրվանձտյանցի՝ 1874 թվականին հրատարակված «Գրոց ու բրոց. Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ»-ը, որից էլ սկսվում են «Սասնա ծռեր» էպոսի ուսումնասիրությունները: Բանահավաքները բնակավայր առ բնակավայր շրջել, հավաքել են տարբեր մարդկանց պատմությունները՝ էպոսի պատումները, և 1936 թվականին Մանուկ Աբեղյանի ձեռամբ կազմվել է առաջին հատորը, հետագայում՝ երկրորդը և երրորդը և, վերջապես, վերջին հատորը՝ լույս ընծայված արդեն 1999-ին, որոնք ևս ցուցադրված են: Ցուցադրության մեջ արժանի տեղ ունի «Սասունցի Դավիթ» առաջին՝ «85-ամյա» համահավաք բնագիրը, որը կազմել են Մանուկ Աբեղյանը, Գևորգ Աբովը, Արամ Ղանալանյանը, խմբագրել է Հովսեփ Օրբելին, իսկ նկարազարդումների հեղինակը Մհեր Աբեղյանն է:
 
Ցուցադրված են նաև էպոսի խորհրդային շրջանի  հրատարակություններ, «Սասունցի Դավիթ»-ի գրական մշակումները. Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Թոթովենց, Սիտալ, Նաիրի Զարյան, Սողոմոն տարոնցի, Հակոբ Օշական  և այլք, էպոսի՝ տարբեր լեզուներով թարգմանությունները, Հակոբ Կոջոյանի, Գրիգոր Խանջյանի, Երվանդ Քոչարի հայտնի ձևավորումները և այլ հրատարակություններ: