«Թատերական շաբաթ 2024»

ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Թատերական շաբաթ» նոր նախաձեռնության մասին:
 
Մարտի 25-31-ը կանցկացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը, որին կմասնակցեն նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։
 
Շաբաթվա ընթացքում, որն համընկնում է դպրոցականների գարնանային արձակուրդի հետ, նախատեսվում է իրականացնել տարաբնույթ կրթական և ճանաչողական ծրագրեր, այդ թվում՝ ցերեկային ինտերակտիվ ներկայացումներ, շրջայց թատրոններ, վարպետության դասեր, հանդիպում-զրույց դերասանների հետ, բացօթյա ներկայացումներ հասարակական վայրերում:
 
Նախաձեռնության նպատակն է թատերական կյանքը, թատրոնի հետնաբեմը, պատմությունն ու գործունեությունն իր ողջ ներկապնակով հասանելի դարձնել դպրոցահասակներին, մեծացնել հետաքրքրությունը թատերական արվեստի նկատմամբ:
 
Ծրագրերին երեխաները կարող են մասնակցել ինչպես դպրոցական խմբերով, այնպես էլ ընտանիքների հետ՝ նախապես պայմանավորվելով տվյալ թատրոնի հետ:
 
Նախաձեռնությունը կլինի շարունակական հաջորդ տարիների համար: