«Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ»

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի ունեցած հանդիպմանը նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանը քննարկել են «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցադրության գովազդային արշավի կազմակերպմանը վերաբերող հարցեր: Ցուցադրությունը նախատեսվում է սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում:
 
Հանդիպմանը ներկա են եղել Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:
 
- Բրիտանական թանգարանից Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի և ձեռքի տեղափոխումը և ցուցադրումը Հայաստանում աննախադեպ իրադարձություն է, որը տեղի է ունեցել հաջողված համագործակցության արդյունքում: Կարծում եմ՝ սա լավ նախադեպ է միջազգային այլ թանգարանների հետ ևս աշխատելու և նոր ծրագրեր իրականացնելու համար,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:
 
Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» միջազգային ցուցադրության կազմակերպման ճանապարհին շատ կարևոր է հաջողված գովազդային արշավը՝ թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային տարբեր հարթակներում՝ աշխատանքների ճիշտ բաշխմամբ:
 
Այդ համատեքստում քննարկվել են նախատեսվող աշխատանքների ժամանակացույցը, տոմսային քաղաքականության մանրամասները, ինչպես նաև բրիտանական կողմի հետ պայմանագրի կետերին առնչվող հարցեր: 
 
Կողմերը կարևորել են իրադարձությունը հնարավորինս հանրահռչակելու, հանրությանը տեսանելի դարձնելու և ցուցադրության ընթացքը հավուր պատշաճի կազմակերպելու առաջնահերթությունները: