Ադրբեջանի հերթական թիրախը հնագույն Կոնդն է

Ադրբեջանը որքան էլ փորձի հայերին մեղադրել ագրեսոր ու իսլամատյաց լինելու մեջ, միջազգային կառույցների կողմից ամրագրված փաստերը խոսում են այլ իրականության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը:
 
«Ադրբեջանի Հանրապետությունը, սեփական ցեղասպանական, հայատյաց քաղաքականությունը կոծկելու նպատակով, Հայաստանին ու հայերին միջազգային հանրության աչքերում փորձում է ներկայացնել որպես ագրեսոր, բռնարար ու այլատյաց՝ ներկայացնելով կեղծ պնդումներ:
 
Օրերս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող Համաշխարհային Իսլամաֆոբիայի դեմ պայքարի օրվան նվիրած միջոցառմանը քաղակտիվիստ ներկայացող, Բաքվի իշխանությունների քարոզիչ Փարվանա Վելիևան, խոսելով «1987-1991 թթ․ Հայաստանից 300 հազար ադրբեջանցիների բռնի տեղահանության», «իսլամական մշակութային ժառանգության ոչնչացման» մասին,  Հայաստանին մեղադրել է իսլամաֆոբիայի մեջ։
 
Հարկ է հիշեցնել, որ Խորհրդային Հայաստանից ադրբեջանցիները հեռացել են ինքնակամ ու առանց բռնության ենթարկվելու՝ անգամ անխոչընդոտ վաճառելով սեփական գույքն ու ունեցվածքը: Նույնը հնարավոր չէ ասել Սումգայիթի, Բաքվի, Գանձակի և այլ տեղերի շուրջ 500 հազար հայերի մասին, որոնք մազապուրծ են եղել։
 
Զավեշտալի է, բայց Բաքուն Հայաստանին ու հայերին մեղադրում է նաև իսլամատյացության մեջ: Ու սա այն դեպքում, երբ քրիստոնյա հայերը, համերաշխություն դրսևորելով այլ կրոնների, այդ թվում՝ իսլամի հետևորդների նկատմամբ, վերանորոգում են նրանց հոգևոր սրբավայրերը, մինչդեռ իսլամական Ադրբեջանում միանգամայն հակառակն է տեղի ունենում. Ադրբեջանում ոչ միայն քանդում են մզկիթները, այլև խիստ սահմանափակումների ու ճնշումների ենթարկում հավատացյալներին: Ադրբեջանում փաստացի կան հարյուրավոր հավատացյալ բանտարկյալներ: Բաքուն անգամ չի խորշել հատուկ գործողություններ իրականացնել սեփական ժողովրդի դեմ. 2015 թ. Նարդարան շիա հավատացյալների ավանում իրագործած հատուկ գործողությունը՝ սպանություններով, ձերբակալություններով զուգորդված, ցույց է տալիս, թե ինչպես է Բաքուն վերաբերվում իսլամին ու նրա հետևորդներին, որոնց նկատմամբ ճնշումները շարունակվում են մինչ օրս:
 
Իսլամական համերաշխության դրոշի ներքո հանդես եկող Ալիևի վարչակարգը ամիսներ շարունակ խուսափում է դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում Իսրայելի շարունակվող ռազմական գործողության վերաբերյալ, որին զոհ են գնացել տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ։
 
Ադրբեջանը, որքան էլ փորձի հայերին մեղադրել ագրեսոր ու իսլամատյաց լինելու մեջ, փաստերը, ընդ որում՝ միջազգային կառույցների կողմից ամրագրված, խոսում են այլ իրականության մասին, որը համառորեն փորձում են թաքցնել Բաքվում»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:
 
Հայտարարությունն ի մասնավորի նշում է․
 
Իր ագրեսիվ ու ծավալապաշտական, հակահայկական օրակարգի շրջանակում Ադրբեջանը շարունակում է կեղծ տեղեկատվական ու քարոզչական արշավը։ Տարիներ շարունակ ջանք ու ռեսուրս չխնայելով՝ հարևան երկիրը փորձում է ավելի քան 2800-ամյա Երևանը ներկայացնել «ադրբեջանական»։
 
Ադրբեջանի հերթական թիրախը Երևանի Կոնդ հնագույն թաղամասն է: Կոնդը, որն իր անվանումը ստացել է բարձր դիրքի շնորհիվ, պարսից տիրապետության ժամանակ վերանվանվել է «թափաբաշ» (բլուրի գլուխ)։ Թաղամասի հնագույն հուշարձաններից է 7-րդ դարում հիմնադրված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որն ավերվել է 1679 թվականի երկրաշարժի ժամանակ և վերականգնվել 1710 թվականին։ Կոնդ թաղամասի անունը ադրբեջանցիները շրջանառում են վերափոխված «թեփեբաշի» տարբերակով։
 
Ադրբեջանի նման քարոզարշավը նոր երևույթ չէ։ Դեռևս 2022թ․ հուլիսի 7-ին ադրբեջանցի «մշակութային ու հասարակական գործիչները» դիմել էին Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ Երևանում «ադրբեջանական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը» կանխելու կոչով։ 2024թ․ մայիսի 7-ին Ադրբեջանը, այս անգամ հասարակական կազմակերպությունների անունից, կրկին դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ Կոնդի պահպանմանն ուղղված կոչով։ Ստորագրողների թվում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք», «Իրևանի մշակութային ժառանգության քարոզչություն», «Զանգեզուր միություն» և հասարակական այլ կազմակերպություններ, որոնց անուներն արդեն իսկ բացահայտորեն արտացոլում են իրենց օրակարգն ու գործունեության նպատակը։ Մի կողմ թողնելով Կոնդի՝ ադրբեջանական չլինելու փաստը՝ այս հայտարարությունը պարադոքսալ է՝ հաշվի առնելով Նախիջևանում, Արցախում և այլ վայրերում հայկական պատմամշակութային արժեքների բացահայտ թիրախավորման Ադրբեջանի  քաղաքականությունը և փաստագրված ոչնչացումները։
 
Ավելին՝ հայտարարության մեջ Ադրբեջանը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ երկխոսության և փոխգործակցության պատրաստակամություն է հայտնում՝ Հայաստանում «ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացումը» կանխելու նպատակով, ինչպես նաև կոչ անում՝ «փաստահավաք առաքելություն ուղարկել Երևան․․․»։ Նման կոչը հեգնական է ու հերթական պարադոքսը․ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2020 թվականին անկախ տեխնիկական առաքելություն ստեղծելու պատրաստակամություն էր  հայտնել՝ գնահատելու Արցախում մշակութային արժեքների կարգավիճակը։ Ադրբեջանը, սակայն, խոչընդոտել էր առաքելության մուտքն Արցախ՝ մարտահրավեր նետելով  միջազգային կառույցներին ու նրանց գործունեությանը՝ ընդգծելով նաև Արցախում հայկական ժառանգության ոչնչացումը հաստատող փաստերը քողարկելու իր փորձերը:
 
Այսպիսով՝ Երևանի Կոնդ թաղամասի «ադրբեջանականացման» քարոզարշավն Ադրբեջանի ավելի լայն քաղաքական օրակարգի բացահայտ դրսևորումն է՝ ուղղված պատմությունը խեղաթյուրելուն ու Հայաստանի տարածքների նկատմամբ իր հավակնությունները ներկայացնելուն։ Միջազգային հանրության կողմից համապատասխան քայլեր չձեռնարկելու պայմաններում հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացումը տագնապալի մասշտաբների է հասել․ գրավված Արցախում այսօր առնվազն 1456 հայկական պատմամշակութային հուշարձան գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։