Նորոգվում է Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցու տանիքածածկը
ԿԳՄՍ նախարարության և բարերարի համագործակցությամբ նորոգվում է Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու
կղմինդրե տանիքածածկը:
![](/files/uploads/2024/06/950-434ad59181056cb29508ce4691002ec3.jpg)
Վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության մեջ հռիփսիմեատիպ հուշարձաններից առանձնացող Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին թվագրվում է VI-VII դդ.: Այն կենտրոնագմբեթ, ուղղանկյուն հատակագծով, քառախորան կառույց է: Խորաններից արևելյանն ու արևմտյանը, մյուս երկուսի հետ համեմատած, բավականին լայն են: Աղոթասրահի չորս անկյուններում տեղադրված են հավասարաչափ, քառակուսի հատակագծով ավանդատներ: Ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան ճակատներից:
Եկեղեցու հորինվածքում իշխող է գմբեթի թմբուկը: Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի գմբեթ իրականացված է մեծ ու փոքր 4 լրացուցիչ տրոմպների միջոցով: Թմբուկն աչքի է ընկնում նաև որմնախորշերի և լուսամուտների առատությամբ:
Եկեղեցու դեկորատիվ հարդարանքն են կազմում խաղողի ողկույզներով, ատամնաշարերով, կրկնաշար տերևիկներով քանդակազարդ քիվերն ու լուսամուտների պսակները: