Սալոմեի ողբը՝ Իլհամի ուսին

ՍԱԼՈՄԵ ԶՈՒՐԱԲԻՇՎԻԼԻՆ՝ ԲԱՔՎՈՒՄ․ ՎՐԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՅՑԸ

 - Վերջին տարիներին մենք միանման ողբերգություններ ենք վերապրել։ Մենք մինչև հիմա վերապրում ենք այն, թե ինչ է նշանակում երկրի համար օկուպացված տարածքները՝ երբ երկրիդ տարածքային ամբողջականությունը խախտված է,- Ադրբեջան կատարած իր մեկօրյա այցի ժամանակ «դարդլամիշ» է եղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
 
Այսպիսով, նա Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան հակամարտությունը համեմատել է աբխազական և հարավօսական հակամարտությունների հետ։ Նախկինում վրացական իշխանությունները խուսափում էին ղարաբաղյան հարցում կատեգորիկ հայտարարություններից և չեզոքություն էին պահպանում (գրել է JAMnews-ը)։
 
Զուրաբիշվիլիի այս հայտարարությունն ադրբեջանական հանրության առանձնակի ուշադրությունն է գրավել, քանի որ անցյալ ամիս Վրաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածություն էր առաջացել։ Պատճառը վրացական Ախալքալաք շրջանն էր, որը մեծ մասամբ բնակեցված է հայերով և որտեղ տեղադրվել էր Ղարաբաղում զոհված հայ մարտիկի կիսանդրին։ Բացման արարողությանը ներկա էին Վրաստանի պաշտոնատար անձինք, և Ադրբեջանում շատերին դա դուր չէր եկել։
 
Բացի այդ, Ադրբեջանը բարձրացրել էր Վրաստանին մատակարարվող գազի գինը։
 
Այս երկու իրադարձությունները փոխկապակցված չեն, սակայն ժամանակային առումով համընկել են, և Ադրբեջանում շատերի համար դա «կասկածելի» էր։
 
Հետաքրքիր է, Հայաստան այցելելու պարագայում ո՞րն է լինելու նրա «հաճոյախոսությունը». մանավանդ՝ վերջին շրջանում նրա ղեկավարած երկրի պաշտոնյաները մեզ հետ հարաբերությունները ջերմացնելու միտում էին արտահայտում: Պարզապես այս տիկինը, տարրական քաղաքական էթիկայի տակտի զգացողությունից բացի, նաև պատմության դասերը չի ընկալել: