Դաղստանից չորս քույրեր փախչում են ընտանիքից և մահից
«ԱՂՋԻԿՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ»
Հոկտեմբերի 30-ի լուսադեմին Դաղստանից չորս քույրերի հաջողվել է հատել Վրաստանի հետ սահմանը այն բանից հետո, երբ նրանց ավելի քան տասը ժամ սպասեցրել են «Վերին Լարսի» անցակետի ռուսական կողմում։ Նրանց ուղեկցող ռուս իրավապաշտպաններն ասում են, որ նրանք ապահով վայրում են։ (Տեղեկատվությունը՝ JAMnews-ի)
Աղջիկներն ասում են, որ փախչում են ընտանեկան բռնությունից, ընտանիք, որտեղ նրանց ծեծի են ենթարկել և սպառնացել սպանել, եթե չկատարեն ավանդույթների պահանջները՝ նամազ անել, թողնել ուսումն ու ամուսնանալ նրա հետ, ում ասում են: Իրավապաշտպանների օգնությամբ նրանց հաջողվել է լքել Դաղստանը, մինչև Վրաստան գալն էլ երեք ամիս թաքնվել գաղտնի բնակարաններում։
Այս դեպքի առնչությամբ վրացական կողմը՝ ո՛չ իշխանությունները, ո՛չ էլ իրավապաշտպանները դեռևս մեկնաբանությամբ հանդես չի եկել։
Աղջիկները տեսագրել են տեսանյութ, որում խնդրում են իրենց չհանձնել հարազատներին, որոնք, ինչպես ասում են, կարող են սպանել իրենց։
Իսկական դրամա է ծավալվել սահմանի ռուսական կողմում։ Սահմանապահները հարցրել են, թե ծնողները թույլ են տվել լքել երկիրը (չնայած քույրերը չափահաս են), հետո վերցրել են նրանց անձնագրերը և զանգահարել ոստիկանություն։ Անցակետ են ժամանել և փորձել են աղջիկներին տուն տանել նրանց հարազատները, այդ թվում՝ Խադիժաթ և Փաթիմաթ Խիզրիևների մայրն ու զարմիկը։
Դա հնարավոր է եղել կասեցնել միայն CK SOS ճգնաժամային խմբի փաստաբանների ակտիվության շնորհիվ, խումբն այս գործն իր վերահսկողության տակ է վերցրել։
Իրավապաշտպանների խոսքով՝ մանկության տարիներին քույրերը ենթարկվել են կանանց թլպատման, ինչն արգելված է, այդ թվում՝ Ռուսաստանում։
Marem խմբի իրավապաշտպաններից Սվետլանա Անոխինան «Կովկասյան հանգույց»-ին ասել է, որ «աղջիկների հարազատները լայն կապեր ունեն։ Երեք ամիս նրանք գտնվել են ճգնաժամային բնակարաններում։ Հարազատները փորձում էին գտնել նրանց, այդ թվում՝ մարդկանց ուղարկելով ինձ մոտ»,- պատմել է Անոխինան:
Խադիժաթ և Փաթիմատ Խիզրիևների հայրը Անոխինային ասել է, որ կվերադարձնի իր դուստրերին, նրա կարծիքով՝ նրանց «ուղեղները լվացել» են։ Նա հերքել է, որ երբևէ հարվածել է աղջիկներին և խոստացել, որ «քույրերի գլխից մազ չի պակասի», եթե նրանք վերադառնան։
Մինչդեռ SK SOS-ը հրապարակել է Փաթիմաթ Խիզրիևայի լուսանկարները՝ ծեծի հետքերով.
Մեկնաբանելով չորս քույրերի հետ կապված իրավիճակը՝ Անոխինան հիշեցրել է Խալիմաթ Տարամովայի դեպքը, ով նույնպես փախել էր տնից և բողոքել ընտանեկան բռնությունից։ Հարազատները նրան վերցրել էին Մախաչկալայի ճգնաժամային բնակարանից և տարել տուն՝ Չեչնիա։
- Եթե նրանց հիմա տանեն, ապա աղջիկները կորած են։ Տարամովայի մասին գոնե գիտենք, որ նա ողջ է, այդ մասին մեզ ասում են մարդիկ, ովքեր տեսնում են նրան փողոցում՝ ինչ-որ մեկի ուղեկցությամբ։ Բայց կան դեպքեր, երբ աղջիկներին տանում են, և դրանից հետո մենք նրանց մասին ոչինչ չենք իմանում։ Այդպես եղավ դաղստանցի աղջիկների դեպքում, որոնց հարազատները տարել էին Կազանի կացարանից։ Մենք նրանց մասին այլևս երբեք չլսեցինք,- ասել է նա «Կովկասյան հանգույց»-ին: