Չդառնալ բութ գործիք թշնամու ձեռքին

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ Հայացք Երեւանից

Հայաստանի բնակչության մի քանի շերտերում՝ առավելապես մանր առեւտրականների, որոշ տնային տնտեսուհիների շրջանում, հաճախ եմ տեսել, որ դիտում ու քննարկում են թուրքական հեռուստասերիալներ, ոմանց մոտ երբեմն կախվածություն է առաջանում դրանց բովանդակությունից։
 
Վերջերս նկատելի է, որ թուրքական ու ադրբեջանական սերիալներ շատ են դիտում նաեւ Արցախի մեր հայրենակիցները, հատկապես՝ կանայք։ Ադրբեջանաթուրքական որոշ կինոսիրողներ նույնիսկ այդ մասին թեգ են անում Ֆեյսբուքում։
 
Իրականում առաջին հայացքից սովորական սիրային կամ նման այլ բովանդակությամբ սերիալներն ավելի խորքային քարոզչական նպատակներ ունեն։ Հայաստանում է, որ սերիալներ նկարում են միայն փող աշխատելու համար ու շեշտը դնում են նրա վրա, որ անորակ ու էժանագին լինի, հիմար սցենարներ գրեն եւ խոսեն միայն դավաճանությունից ու սպանություններից։
 
Ադրբեջանը եւ Թուրքիան ակտիվորեն սերիալների միջոցով տարածում են իրենց քարոզչությունը, ու դա անում են բավական բարձր որակի կինոնկարներով։ Այնքան հոգեբանական միջոցներ են գործադրում ֆիլմերի միջոցով, որ անգամ լավ պատրաստված մարդու վրա թողնում է իր ազդեցությունը, էլ ուր մնաց սովորական տնային տնտեսուհիների կամ քարոզչական քաղաքականությունից գաղափար չունեցող անձանց վրա։
 
Թվում է, թե դիտում ես սովորական կինոնկար ու լաց լինում գլխավոր հերոսների սիրո պատմության համար, բայց իրականում այդ ֆիլմերով քո կամքից անկախ քեզ քարոզում են թուրքական մտքեր, իբր՝ թուրքական հնագույն պատմություն ու սովորույթներ, հաճախ բացասական հերոսի դերում հայի կերպար է ցուցադրվում, ու դա քո կամքից անկախ մտնում է քո ենթագիտակցության մեջ։
 
Դրա հետեւանքով աստիճանաբար մեծանում է այն մարդկանց թիվը, որոնք իրենք էլ չեն հասկանում՝ ինչպես են արտաբերում, թե թուրքը մեր բարեկամն է, հին ազգ է, Արցախը տանք, հանգիստ ապրենք եւ այլն: Շատանում են հանուն կեղծ խոստումների հայրենիք դավաճանողները, շատանում են հայրենիք լքողները։
 
Խնդրում եմ՝ ուղղակի մի նայեք թուրքական կամ ադրբեջանական հեռուստասերիալներ ու ֆիլմեր, ինչքան էլ դրանց մասին ձեզ սիրուն խոսքերով պատմեն ոգեւորված հարեւաններն ու ընկերուհիները։ Ուղղակի անտեսեք, որպեսզի ձեր կամքից անկախ չդառնաք թշնամու ձեռքին բութ գործիք։
 
Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ