Ոտնատակ հարգա՞նք

ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄՔԸ ՊԵՏՔ Է ԽԱՐԱՆԵԼ

2022 թվականին Հայաստանի գրողների միությունը, թարգմանությամբ Ագապի Մկրտչյանի, Գերմանիայում լույս ընծայեց համահեղինակային ժողովածու, որի վերնագիրն արդեն իսկ տարակուսանքի առիթ է տալիս։ Հետո տեսանք գիրքը, որի շապիկին նայելով այլևս բացելու, թերթելու ամեն միտում հօդս ցնդեց, և առաջացավ արդարացի մի զայրույթ, որը, տրամաբանորեն, պետք է առաջանար նյութն ընթերցող ցանկացած հայի հոգում։
 
 
Շապիկին Հայաստանի քարտեզն էր, վրան՝ կանացի կոշիկ, որի «կաբլուկի» վրա ՀՀ պետական դրոշը․ ասել է թե՝ գարշապարի մակարդակի իջեցված վիճակում։ Թե այս սիմվոլիկան ինչ ասել կուզեր՝ կարելի է միայն ենթադրել և այդ էլ թողնում եմ Ձեզ, հարգելի ընթերցող։
 
Թվում էր թե այս խայտառակությունն անցավ գնաց, ոմանք էլ հուսադրեցին իրենց՝ թե հսկա Գերմանիայում մի քանի հարյուր օրինակ քանակությամբ տպագրված գիրքը ասեղ է խոտի դեզում ու չի երևա՝ ձեռք քաշեցին թեմայից։
 
Օրեր առաջ մի նոր սարսափելի երևույթի ականատես դարձանք։ Պարզվում է՝ աշխարհահռչակ գրողները, և այս թվում հայ դասականներն, արդեն ոտնատակ են արվում՝ ի նշան «հարգանքի»։ Ոտնատակ հարգա՞նք․․․ Վիլյամ Շեքսպիր, Պարույր Սևակ, Համո Սահյան․․․ հայտնվել են գուլպաների վրա, երևի՝ իբրև հայկական արտադրանք։ Ու այս ապազգային երևույթը քարկոծվում է միայն նեղ շրջանակներում՝ որևէ կերպ ազդեցություն չթողնելով։ Այս ամենը կատարվում է այն ֆոնին, երբ իրապես այս անձանց արժեքն իմացողները պատրաստվում են նշել հայ գրականության գիգանտների՝ Պարույր Սևակի 100, և Համո Սահյանի 110-ամյա հոբելյանները։
 
Ե՞րբ ու ի՞նչ հանգամանքներում կորցրին իրենց ազգային դիմագիծը այն մարդիկ, ովքեր կանգնած են այս խայտառակության հետևում՝ չգիտեմ։ Նաև վստահ չեմ, թե նմանները ազգային դիմագիծ կարող էին ունենալ։ Սակայն, ինչպես Սևակը կասեր՝ անարդարության դեմքը պետք է խարանել։
Մխիթար ՄՈՍ-ՄՈՒՇԵՂՅԱՆ
Դրամատուրգ
Առաջին նկարում՝ գրքի թարգանիչ Ագապի Մկրտչյան