Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում մոտ կես միլիոն երեխա ապրում է շուրջօրյա խնամքի հաստատություններում

ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցն ընդգծում է, որ շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաների թիվը տարածաշրջանում  համաշխարհային միջինի կրկնապատիկն է․ երեխաների՝ հաստատություններում մեծանալու՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի այս ցավալի ժառանգությանը վերջ դնելուն դեռ երկար ճանապարհ է սպասվում։
 
Գրեթե կես միլիոն երեխա, իսկ ավելի ստույգ՝ 456,000 երեխա Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գտնվում է շուրջօրյա խնամքի հաստատություններում, այդ թվում՝ խոշոր հաստատություններում․ այս  մասին է խոսվում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հրապարակված նոր զեկույցում:
 
Բարելավված պաշտպանության ուղիներ. այլընտրանքային խնամքի տակ գտնվող երեխաների իրավիճակը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում զեկույցում նշվում է, որ տարածաշրջանի շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաների թիվը համաշխարհային միջինի կրկնապատիկն է՝ 100,000 երեխայից 232-ն ապրում է խնամքի հաստատություններում՝  ի համեմատ համաշխարհային՝ 100,000-ից 105 երեխայի դիմաց ցուցանիշի:
 
Արևմտյան Եվրոպան շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաների ամենաբարձր ցուցանիշն ունի՝ 294 երեխա 100,000 երեխայի հաշվով, ինչը համաշխարհային միջինի գրեթե եռապատիկն է: Թեև Արևմտյան Եվրոպայում հաստատությունները հիմնականում փոքր են ու ինտեգրված են համայնքներում, ընտանիքում խնամք կազմակերպելու փոխարեն հաստատությունում այն կազմակերպելու վրա է հիմնական բեռը: Ավելի բարձր ցուցանիշը մասամբ պայմանավորված է վերջին տարիներին Եվրոպայում ապաստան փնտրող, առանց ուղեկցողի և ընտանիքներից բաժանված երեխաների և երիտասարդների թվի աճով:
 
Զեկույցը նաև ընդգծում է որոշ դրական միտումներ։ Օրինակ, 2010 թվականից ի վեր շատ երկրներում գրանցվել է շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաների համամասնության նվազում: Տվյալները ցույց են տալիս, որ Բուլղարիայում, Մոլդովայում և Վրաստանում ընտանիքահեն խնամքը դարձել է խնամքի կազմակերպման գերիշխող պաշտոնական այլընտրանքը, քանի որ կառավարություններն առաջնորդվում են ապաինստիտուցիոնալացման քաղաքականությամբ և զգալի ներդրումներ են կատարել հոգուտ ընտանիքահեն խնամքի:
 
Այնուամենայնիվ, փոքր առաջընթաց է գրանցվել հաշմանդամություն ունեցող երեխաների համար, որոնք շատ ավելի հավանական է, որ հայտնվեն շուրջօրյա խնամքի հաստատություններում, քան հաշմանդամություն չունեցող երեխաները: Տվյալներ ունեցող երկրներում հաշմանդամություն ունեցող երեխաները կազմում են շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաների 4-ից 87 տոկոսը: Բացի այդ, տվյալներ ունեցող երկրների ավելի քան կեսում 2015-ից 2021 թվականներին աճել է հաշմանդամություն ունեցող երեխաների մասնաբաժինը բոլոր տեսակի ֆորմալ խնամքի հաստատություններում:
 
Ընտանիքից բաժանվելու և ինստիտուցիոնալացման բացասական ազդեցությունները երեխաների առողջության, զարգացման և բարեկեցության վրա լավ փաստագրված են: Շուրջօրյա խնամքի խոշոր հաստատություններում ապրող երեխաների մոտ ավելի հաճախ է հուզական անտեսում դիտվում,  նրանց շրջանում գրանցվում են նաև չարաշահումների և շահագործման ավելի բարձր ցուցանիշներ՝ իրենց հետ բերելով հոգեկան առողջության խնդիրներ, հոգեբանական սթրեսներ և տրավմա:
 
Հաստատություններում գտնվող երեխաները կարող են դժվարություններ ունենալ դրական հարաբերություններ ստեղծելիս թե՛ մանկության և թե՛ հասուն տարիքի ընթացքում, ինչի հետևանքով նրանք մեկուսացված և միայնակ են զգում իրենց: Հատկապես փոքր տարիքից շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաները կարող են ճանաչողական, լեզվական և զարգացման այլ խանգարումներ ունենալ, և ավելի հավանական է, որ խնդիրներ ունենան օրենքի հետ՝ այդպիսով պահպանելով ինստիտուցիոնալացման ցիկլերը:
 
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի և այլընտրանքային խնամքի վերաբերյալ ՄԱԿ-ի ուղեցույցներին համապատասխան՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում համակարգված կերպով փակել խոշոր հաստատությունները, որոնք երեխաներին ծառայում են որպես տուն և դպրոց: Սա նշանակում է նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին կամ առանց ուղեկցության և ընտանիքից բաժանված երեխաներին շուրջօրյա խնամքի հաստատությունների փոխարեն բարձրորակ ընտանիքահեն և համայնքահեն խնամքի տրամադրում:
 
Իրավիճակը Հայաստանում
 
2020-ից 2023 թվականների ընթացքում ՀՀ կառավարությունը կրկնակնապատկել է խնամատարությանն ուղղված ֆինանսավորումը, իսկ տեղի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ուղղված պաշտպանության ծառայությունների արտապատվիրակման ֆինանսավորումն ավելացել է հնգակի՝ համապետական ծածկույթ ապահովելու նպատակով: Զուգահեռաբար, շարունակական բարեփոխումներ են իրականացվել դեպքերի վարման և շուրջօրյա խնամքին այլընտրանքային ծառայությունների, ինչպես նաև երեխաների և ընտանիքի աջակցության համայնքային ծառայությունների հասանելիության և ծածկույթի բարելավման ուղղությամբ: Արդյունքում, ավելացել է նաև կենսաբանական ընտանիքների հետ վերամիավորված երեխաների թիվը։
 
Չնայած արձանագրված առաջընթացին, Հայաստանում դեռևս մոտ 937 երեխա գտնվում է պետական (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող) մանկատներում և (Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող) հատուկ դպրոցներում: Շուրջօրյա խնամքի և կրթական հաստատություններում գտնվող երեխաների ճնշող մեծամասնությունը հաշմանդամություն ունեցող երեխաներն են: Ի լրումն անապահովության և ընտանիքների՝ իրենց երեխաների հիմնական կարիքները բավարարելու անկարողության, ինչպես նաև ընտանիքների խոցելիություն ավելացնող այլ գործոնների պատճառով, հաշմանդամություն ունեցող երեխաների՝ շուրջօրյա խնամքի հաստատություններում հայտնվելու հիմնական պատճառներից մեկը երեխայի և ընտանիքի աջակցության համայնքային մասնագիտացված ծառայությունների բացակայությունն է կամ դրանց սահմանափակ հասանելիությունը: