Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ

Թեհրանում հանդիպելով ԻԻՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ, վարչապետ Փաշինյանն իր և ՀՀ պատվիրակության անունից խոը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի պաշտոնակատարին, նախագահի տեղակալներին, կառավարության անդամներին և Իրանի ողջ ժողովրդին:
 
Վարչապետն ընդգծել է, որ Էբրահիմ Ռայիսիի, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վախճանը ողբերգություն է, և Հայաստանն ու հայ ժողովուրդը վշտակցում ու կիսում են բարեկամ Իրանի ողջ ժողովրդի ցավը: 
 
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ոչ միայն գործընկերային, այլ նաև ջերմ բարեկամական կապեր ունեին, որն ինքնին արտացոլվում էր Հայաստան-Իրան հարաբերությունների վրա: Վարչապետը հույս է հայտնել, որ Էբրահիմ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների դրական միտումը կշարունակվի: 
 
Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ ՀՀ վարչապետի ներկայությունն իրենց գոտեպնդում և ուժ է տալիս այս դժվարին օրերին: Նրա խոսքով` տեղի ունեցած աղետը ցնցել է Իրանի ողջ ժողովրդին և իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը:  
 
Մոխամմադ Մոխբերը վստահեցրել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ՀՀ վարչապետի նախանշած բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, կկրեն շարունակական բնույթ: