Վարչապետն այցելել է հեղեղված բնակավայրեր և ծանոթացել ստեղծված իրավիճակին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզի Ալավերդի և Տաշիր համայնքներ՝ գետերի վարարման հետևանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների հրատապ կարիքները, օպերատիվ կերպով հատկացնել անհրաժեշտ օգնություն, իրականացնել վնասների գույքագրում, այնուհետև կքննարկվեն աղետի հետևանքների վերացմանն ուղղված ծրագրերը:
Վարչապետը զրուցել է նաև հեղեղումների հետևանքով տուժած բնակիչների հետ՝ ընդգծելով, որ բոլոր խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում հեղեղումների պատճառած վնասներին: Զեկուցվել է, որ այստեղ իրականացվում են հրատապ ամրաշինական աշխատանքներ՝ ճանապարհի երթևեկությունն ապահովելու նպատակով: