Վարչապետը Վեդիում ներկա է գտնվել ամֆիթատրոնի բացման միջոցառմանը

Ամֆիթատրոնի վերակառուցման աշխատանքները մեկնարկել էին 2023 թվականի օգոստոսին։ Ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 220 մլն դրամ։ Միջոցները հատկացրել է կառավարությունը:
 
Ամֆիթատրոնի վերակառուցման վերաբերյալ համապատասխան
հանձնարարականը տվել էր վարչապետ Փաշինյանը:
 
Վարչապետը շնորհավորել է Վեդիի բնակիչներին ամֆիթատրոնի բացման առիթով:
 
- Մաղթում եմ, որ այն միշտ լեցուն լինի կյանքով, ուրախ տրամադրությամբ, երեխաներով, ծնողներով, երիտասարդությամբ և ամենակարևորը՝ ապագային նայող բովանդակությամբ,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 
 
Վարչապետը, դիմելով երեխաներին, կարևորել է վերջիններիս համար բարձրորակ կրթության ապահովումը, ինչը կնպաստի, որպեսզի նրանք առաջին հերթին վայելեն կյանքը: «Կյանքն այնքան բարդ բան է՝ տառապանքն ինքն իրեն կգա, ոչ ոք թող հանկարծ չանհանգստանա, թե որևէ մեկը կմնա առանց տառապանքի: Բայց մենք պետք է երեխաներին կարողանանք պատրաստել լիարժեք կյանքի՝ լիաթոք ապրելու այդ կյանքը, վայելելու այդ կյանքը և փոխանցելու այդ կյանքի տրամաբանությունն ու լիցքն ուրիշներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 
 
Վարչապետին է ներկայացվել նաև Վեդիի քաղաքային լճի վերակառուցման, նոր շինությունների կառուցման և հարակից տարածքի բարեկարգման նախագիծը: 
 
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին: