Վ. Բալասանյանը պաշտոնապես սպառնում է կրկնել Բերձորը

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԱՐՑԱԽՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

2019 թ  ապրիլի 9-ին ՀՀ Արցախի մարզի Ասկերանի շրջանի վարչական մարմինների և համայնքների ղեկավարների՝ անվտանգության հարցերով խորհրդակցության ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Վիտալի Բալասանյանը, կոպիտ կերպով և բացահայտ ցինիզմով անցել է իր պաշտոնեական լիազորությունները և, չարաշահելով իր պաշտոնեական դիրքն ու վարողի իրավունքը՝ խորհրդակցությունը վերածել է Սասնա Ծռեր համահայկական կուսակցության ու Սասնա Ծռեր արցախյան կուսակցության նկատմամբ ոչ իրավաչափ գործողություններ կատարելու և նրանց անդամների նկատմամբ բռնություն գործադրելու անհրաժեշտության քննարկման:
 
Պետականորեն գրանցած և օրինական կերպով գործող քաղաքական կուսակցությունների նկատմամբ բռնության և այլ հակաիրավական քալեր կատարելու վերաբերյալ իր պնդումները նա ձգտել է հիմնավորել այն հանգամանքով, որ նրանք քաղաքական կարծիք են հայտնում, որ Արցախը ՀՀ մարզ է, ինչպես նաև նախատեսում են խաղաղ ավտոերթ կազմակերպել Երևանից դեպի Արցախ:
 
Բացի այդ՝ մատնացույց անելով խորհրդակցությանը մասնակցող Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի ղեկավար Գեղամ Գրիգորյանին, որը Սասնա Ծռեր արցախյան կուսակցության քարտուղարության համակարգողն է, փորձել է նրան սպառնալի ոճով երկընտրանքի առջև կանգնեցնել՝ ստիպելով հրաժարվել իր քաղաքական հայացքներից կամ հեռանալ դահլիճից:Գեղամ Գրիգորյանից ստանալով իրավունքի, սահմանադրականության և օրինականության հղումներով հիմնավորված արժանապատիվ ու իրավաչափ պատասխան, Վիտալի Բալասանյանն է ՛լ ավելի է կոշտացրել իր դիրքրոշումը և բոլորի ներկայությամբ նրան բացեիբաց սպառնացել է, թե փոխանցիր քո ընկերներին, որ եթե այս անգամ էլ փորձեն ավտոերթով գալ Արցախ, ապա իրենց համար շատ ավելի վատ կլինի, քան եղավ Բերձորի ժամանակ:
 
Վիտալի Բալասանյանի՝ ՀՀ իշխանություններին, ՀՀ քաղաքացիներին և քաղաքական կազմակերպություններին իրար հետևից մարտահրավերներ նետելու, նախկինում կատարված բռնություններն անհրաժեշտ ու տեղին համարելու, այդ բռնությունները կրկնելու  սպառնալիքներ հնչեցնելու վարքագիծն ու գործողությունները ոչ միայն անհամատեղելի են պետական բարձր պաշտոնի հետ, այլև ենթակա են քրեաիրավական գնահատականների և պատասխանատվության:
 
Անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյայի դիրքից դրսևորված՝ քաղաքական կազմակերպություների, նրա անդամների և աջակիցների նկատմամբ նրա վերաբերմունքն ու սպառնալիքներն առավել վտանգավոր և իրական են այն պարզ պատճառով, որ Արցախի բոլոր շրջանների ուժային մարմինների ղեկավարները դրանք կարող են ընդունել որպես բարձրագույն իշխանության հրաման ու հանձնարարություն և, ըստ այդմ՝ իրագործել դրանք նույն բերձորյան տարբերակով:
 
ՀՀ իշխանություններից և բոլոր պատկան մարմիններից ու պաշտոնատար անձանցից պահանջում ենք ըստ իրենց լիազորությունների.
 
1. քաղաքական և/կամ իրավական գնահատականներ տալ Վիտալի Բալասանյանի կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ նրանց քաղաքական հայացքների և գործողությունների համար բռնություն կատարելու սպառնալիքներ հնչեցնելու, ինչպես նաև մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների, մասնավորապես՝ ազատ գործելու, մտքի, խոսքի և կարծիք հայտնելու ազատությունների, ազատ տեղաշաժվելու, հավաքների ազատության, գաղափարախոսական բազմակարծության, բազմակուսակցականության, այլակարծության հիմքով խտրականության չենթարկվելու, օրենքի առջև հավասարության, միավորումներ, այդ թվում՝ կուսակցություններ ստեղծելու ու դրանց անդամագրվելու իրավունքների ոտնահարման կամ դրանց ոտնահարման սպառնալիքների փաստերին,
 
2. այդ գնահատականների հիման վրա լուծել նրա հետագա պաշտոնավարման և քրեաիրավական պատասխանատվության հարցը: