Երեք Հայաստանի Հանրապետություն՝ մեկ դարում

Մայիսի 28-ին Հայաստանում նշում են Հանրապետության տոնը, մարդիկ այն անվանում են նաև Առաջին Հանրապետության օր: Դա ունի իր պատմական բացատրությունը: Ընդունված է 1918 թվականի մայիսի 28-ին հռչակված Հայաստանի Հանրապետությունն անվանել «Առաջին Հանրապետություն»: Ըստ այդմ՝ Խորհրդային Հայաստանը երկրորդն է, իսկ ներկայիս Հայաստանը, որն իր անկախությունը հռչակեց 1991 թվականին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում՝ երրորդը:
(Նկարում՝ Առաջին Հանրապետության օրերի քարտեզ՝ Հայաստանի Հանրապետության տարածքը 1919 թվականին)
 
Հայաստանի Առաջին Հանրապետությունն արդյունք էր Անդրկովկասի ժողովրդավարական Դաշնային հանրապետության անկման: Այն ինչպես ծնվեց, «մեծացավ» պատերազմների մեջ, այնպես էլ կործանվեց խորհրդային կարգերի հաստատման արդյունքում:
 
Պետական, հասարակական գործիչ Արամ Մանուկյանը կառավարության շենքի պատշգամբի տակ հավաքված բազմահազար ներկաներին հայտարարեց անկախության ավետիսը. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով… ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց Ազգային Խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»: Այս հայտարարությամբ, որն ընթերցվեց Թիֆլիսում 1918-ի մայիսի 28-ին, օրեր անց, արդեն Երևանում, ըստ էության հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը:
 
Փաստացի՝ Թուրքիայի հետ պատերազմող Հայաստանն այնքան փոքր էր (ոչ ավելի, քան 10 հազար քառակուսի կմ տարածքով), որ շատերն այն կոչում էին Արարատյան Հանրապետություն, Երևանի Հանրապետություն: Սակայն իր գոյության երկուսուկես տարիների ընթացքում այն կարողացավ իր իշխանության տակ վերադարձնել ցարական Ռուսաստանի օրոք հայկական համարվող շրջանների որոշ մասը՝ ձգվելով Օլթի քաղաքից (ներկայիս Թուրքիայի Էրզրումի շրջան) մինչև Մեղրի:
 
Կառավարությունը ջանք չէր խնայում դիմակայելու արտաքին ճնշումներին, միաժամանակ փորձելով հոգ տանել «ժառանգություն» ստացած հարյուր հազարավոր որբերի և Հայոց ցեղասպանությունից մազապուրծ ժողովրդի մասին:
 
Հազարավոր գաղթականների պաշտպանների թվում առանձնակի կարևոր է զորավար Անդրանիկ Օզանյանի դերակատարությունը, որը Հանրապետության գոյության ամբողջ ընթացքում թե՛ պատերազմում էր, թե՛ բանակցում, թե՛ միաժամանակ փորձում առաջնորդել ու ապահովել իրեն հետևող տասնյակ հազարավոր գաղթականների անվտանգությունը:
 
Այդ ծանր օրերին չքավորությունը սահմաններ չէր ճանաչում: Միջոցների պակասը զգացնել էր տալիս անգամ իշխանությունների ներսում: Առաջին Հանրապետության երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը, որը շուրջ 7 տարի մինչ այդ եղել էր նաև Թիֆլիսի քաղաքապետը, հաճախ պաշտոնական ընդունելությունների ժամանակ այլ պաշտոնատար անձանց փոխ էր տալիս իր հագուստը:
 
Իսկ վերջին վարչապետ Սիմոն Վրացյանից, օրերից մի օր, գողանում են միակ տաբատը: Կինը ստիպված է լինում այդ մասին հայտնել կառավարությանը, որ իր ամուսինը չի կարող աշխատանքի ներկայանալ առանց տաբատի:
 
Հայաստանի խորհրդայնացումից հետո, մայիսի 28-ը շարունակում էր նշել հատկապես Սփյուռքի հայությունը, որի ճնշող մեծամասնությունը ցեղասպանության տարիներին փրկվածներն էին կամ նրանց ժառանգները, մի մասն էլ՝ հենց այդ տարիներին ու հաջորդած խորհրդայնացման արդյունքում Հայաստանից արտագաղթածներն էին:
 
Գևորգ ՂԱԶԱՐՅԱՆ (JAMnews)