«Խաղաղությունից բանակի հզորացում»

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Խաղաղության պակաս, պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, չլուծված տարածքային խնդիրներ: 2021 թ.-ին իրականացված հարցման արդյունքներով՝ Հայաստանի առջև ծառացած կարևորագույն խնդիրների եռյակն է: Քաղաքացիները, որպես լուծման ենթակա խնդիր, մատնանշել են նաև բանակի հզորացումն ու աղքատությունը:
 
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) իրականացրած հարցմանը մասնակցել է 1648  մարդ: Հարցման շրջանակներում նրանք կարծիքներ են հայտնել երկրի վարած արտաքին քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, 44-օրյա պատերազմի մասին և ոչ միայն:
 
Քաղաքացիների 64%-ը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը դիտարկում է որպես վտանգ Հայաստանի ազգային անվտանգության համար: Միայն 12%-ն է կիսում այն տեսակետը, թե դա ստեղծում է տնտեսական զարգացման հիմքեր:
 
Ուշագրավ տվյալներ հետազոտությունից
 
Խաղաղության պակասը՝ ամենակարևոր խնդիրների շարքում
Հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 41%-ը Հայաստանի ամենակարևոր խնդիրն է համարում խաղաղության պակասը:
 
18 %-ը մատնանշում է պետական սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան, 8 %ը՝ չլուծված տարածքային խնդիրները, 4 %ը՝ բանակի հզորացումը, ևս 4 %ը՝ աղքատությունը։
 
2019 թ.-ին և 2012 թ.-ին իրականացված հարցումների ընթացքում Հայաստանի քաղաքացիների մեծ մասը հիմնական խնդիր է համարել գործազրկությունն ու աղքատությունը:
 
«Պատերազմն անխուսափելի՞ էր». ԼՂ-ի հիմնախնդրի մասին
 
Հարցվածների 66%-ը կարծում է, որ 44-օրյա պատերազմն անխուսափելի էր, 34%-ը հակառակ կարծիքին է: 
 
Հայաստանի քաղաքացիների գնահատմամբ՝ առաջիկա տարիներին հնարավոր է նոր էսկալացիա ԼՂ-ի շուրջ: Մասնակիցների 27%-ը նման ռիսկ է տեսնում առաջիկա 1-4 տարվա ընթացքում, 12%-ը՝ 5-10 տարվա ընթացքում: 19%-ի դիտարկմամբ՝ հակամարտությունը երբեք էլ չի ավարտվել։
 
Ներկայիս ստատուս քվոյի պահպանմանը կողմ է արտահայտվել միայն  26%-ը:
 
Հարցվածների 42%-ի կարծիքով՝ Հայաստանի նպատակը պետք է լինի վերականգնել այն բոլոր տարածքները, որոնք ԼՂ-ի կազմում էին 44-օրյա պատերազմից առաջ։
 
32%-ը որպես նպատակ է դիտարկում միայն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմում գտնվող տարածքների վերականգնումը:
 
91%-ն այն համոզմանն է, որ պատերազմը բացասական սոցիալ-տնտեսական ազդեցություն կունենա Հայաստանի վրա:
 
Քաղաքացիներին անհանգստացնում է նաև իրենց և իրենց ընտանիքի ապագայի անորոշությունը (79%), ֆիզիկական անվտանգությունն (70%) ու եկամուտները (63%):
 
«Ոչ Ադրբեջանի կազմում». ԼՂ-ի կարգավիճակի մասին
 
Քաղաքացիների 78.8%-ը հավանություն կտա, եթե Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես լինի Հայաստանի մաս: Անկախ պետություն հռչակվելուն կողմ է 59.8%-ը: 23.1%-ն էլ կարծում է՝ հնարավոր է ԼՂ-ը լինի Ռուսաստանի կազմում:
 
Հարցվածների մեծամասնությունը Արցախը չի տեսնում Ադրբեջանի կազմում ոչ բարձր ինքնավարության կարգավիճակով (կողմ է ընդամենը 0.5%-ը), ոչ էլ առանց ինքնավարության (կողմ է 0.8%-ը):
 
«Եվրամիությո՞ւն, թե՞ Ռուսաստան». արտաքին քաղաքականության մասին
Հարցվածների 12%-ը լիովին համաձայն է, որ Հայաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին, 16%-ը կարծում է, որ երկիրը պետք է անդամակցի Եվրամիությանը: Իսկ 18%-ը կողմ է, որ շարունակի անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը:
 
Հարցման մասնակիցների մեծամասնությունը դեմ է Ռուսաստանի և Բելառուսի հետ միութենական պետություն կազմելուն:
 
Նրանք որպես բարեկամական երկիր են դիտարկում Ռուսաստանը և Ֆրանսիան, իսկ որպես թշնամական պետություններ՝ Ադրբեջանը և Թուրքիան:
 
JAMnews