«Հպարտ եմ, որ չեմ եղել մի թիմում, որի անդամներից մեկը Մելքոնյանն է»

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը փաստաբանական խմբի միջոցով տարածել է իր պատասխանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գեներալ Գագիկ Մելքոնյանի՝ օրեր առաջ հնչեցրած այն նկատառմանը, թե Հայաստանը պատերազմում պարտվել է, քանի որ Դավիթ Տոնոյանը չի եղել ՔՊ անդամ։
 
1.  Այն փաստը, որ Գագիկ Մելքոնյանը նախկինում բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել ՊՆ-ում, ամենևին չի նշանակում, որ նա ունի պաշտպանական ոլորտի կազմակերպման անհրաժեշտ մասնագիտական որակներ պատերազմի արդյունքի մասին եզրակացություններ անելու համար:
 
2.  Հպարտ եմ, որ Կառավարության անդամ լինելով՝ չեմ եղել մի «թիմում», որի անդամներից մեկը Մելքոնյանն է:
 
3.  2022թ. ապրիլին սպառիչ պատասխան եմ տվել այն հարցին, թե ինչու ինձ «քաղաքական թիմի» անդամ չեմ համարել և ինչով էր պայմանավորված իմ որոշումը՝ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու մասին:
 
4.  Գագիկ Մելքոնյանի հայտարարությունները միայն հաստատում են իմ կասկածները ԱԺ «Քննիչ հանձնաժողովի» իրական նպատակների մասին:
 
5.  Իմ խորին համոզմամբ, պաշտպանության նախարարը, հանդիսանալով Կառավարության անդամ եւ քաղաքական պատասխանատվություն ստանձնելով պաշտպանական ոլորտում Կառավարության ծրագրերի իրականացման համար, այնուամենայնիվ, պետք է դուրս լինի «քաղաքական-կուսակցական թիմի» տրամաբանությունից։
 
Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում կներկայացնի իր մասնագիտական կարծիքը՝ Կառավարության կողմից Ազգային ժողով ուղարկված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։