«Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարությունները պետք է նախազգուշացնող լինեն»

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ՀԱՊԿ ԱԽ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի մասնակիցներին՝ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, Ռուսաստանի ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին, Բելառուսի ԱԽ քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչին, Ղազախստանի ԱԽ քարտուղար Գիզատ Նուրդաուլետովին, Ղրղզստանի ԱԽ քարտուղար Մարատ Իմանկուլովին, Տաջիկստանի ԱԽ քարտուղար Նասրուլլո Մախմուդզոդային և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին:
 
Ի թիվս այլ խնդիրների, վարչապետ Փաշինյանը բացման խոսքում նշել է.
 
- Դուք գիտեք, որ դեռևս նախորդ տարի մայիս ամսին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին մեր տարածք, և այդ կապակցությամբ մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին: Ես բազմիցս այդ մասին խոսել եմ, և որպես նախագահող՝ ցանկանում եմ ընդգծել, որ այդ հարցը պետք է քննարկել, ինչպես հարկն է: Ինչո՞ւ՝ որովհետև տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից ագրեսիվ հայտարարությունները շարունակվում են, և մենք այս հարցը պետք է քննարկենք՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, քանի որ դա և՛ մեզ, և՛ կազմակերպության համար շատ սկզբունքային հարց է:
 
Ես ցանկանում եմ նշել նաև հետևյալը. մեր տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո որոշ մեկնաբանություններ եղան առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա սահմանագծված և սահմանազատված սահման: Անկեղծ ասած, սա բավական վտանգավոր ձևակերպում է, քանի որ ահա մենք ասում ենք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի: Եթե մենք ասում ենք, որ պետք է հաշվի առնվեն այն սահմանները, որոնցով իրականացվել են դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացները, դա կարող է լղոզել ՀԱՊԿ պատասխանատվության գոտի հասկացությունը, քանի որ հարց է ծագում՝ իսկ որտե՞ղ է սկսվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, և որտե՞ղ է ավարտվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին:
 
Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի կոնկրետ սահման, քանի որ 1991 թվականին, երբ ստեղծվել է Անկախ պետությունների համագործակցությունը, ստորագրվել է միջպետական համաձայնագիր, որում հստակ գրված է, սահմանված է, որ երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց միջև գոյություն ունեցող սահմանները: Այստեղ նկատի են առնվում Խորհրդային միության ժամանակաշրջանի վարչական սահմանները, և ես կարծում եմ, որ մենք պետք է այս ելակետն ունենանք: Այս իրավիճակի հակառակ մեկնաբանությունը, կարծում եմ, կնվազեցնի ՀԱՊԿ արդյունավետությունը:
 
Հուսով եմ, որ այս հանդիպման և ձեր նիստի ընթացքում նշված նյուանսները նույնպես կքննարկվեն: Վերջերս Մոսկվայում, երբ տեղի ունեցավ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը, ես բարձրացրել եմ այս հարցը: Մենք քննարկում ենք սկսել, և ցանկանում եմ ևս մեկ անգամ, որպես նախագահող, հանձնարարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին՝ մեր կանոնադրական փաստաթղթերին համապատասխան կազմակերպել այս հարցը, քանի որ հիմա իրավիճակը մեր տարածաշրջանում, կարելի է ասել, կայուն լարված է: Բայց այն հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից,  պետք է նախազգուշացնող լինեն, և կարծում եմ, որ այս հարցը պետք է քննարկենք ՀԱՊԿ ձևաչափում:
 
Վարչապետը ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հետ քննարկել է կազմակերպության օրակարգին և գործունեությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության մարտահրավերների շուրջ: