«Հարավկովկասյան ֆեդերացիա». իմաստ ունի՞ քննարկել

Վերջին շրջանում ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում պարբերաբար բանավեճեր և քննարկումներ են ծագում Հարավկովկասյան նոր դաշնության գաղափարի շուրջ։
 
Այս քննարկումները բավականին տարօրինակ են։ Մի կողմից՝ Հայաստանում և Ադրբեջանում շատերն են հասկանում, որ նման վերպետական կառույցի ստեղծումն անհնար է։ Բայց մյուս կողմից շարունակում են քննարկել դրա ստեղծման հնարավորությունները։
 
Եվ ամեն անգամ գալիս են այն եզրակացության, որ դա իմաստ չունի։
 
Եվ հենց այն փաստը, որ ես գրում եմ այդ մասին, միայն ավելացնում է աբսուրդայնությունը քաղաքագետների ու լրագրողների զրույցներին։ Ինչպես հասկանում եմ՝ քաղաքական կառույցի վերստեղծումը, երբ Հարավային Կովկասի երեք երկրները կարող են միաձուլվել դաշնային էքստազի մեջ, լավագույն դեպքում ուտոպիստական է, բայց իրականում՝ ուղղակի անհնարին։
 
Այլ մեկնաբաններ ևս համաձայն են ինձ հետ։ Այնպես որ, թվում է՝ իմաստ չունի խոսել այդ մասին:
 
Բայց եթե դա այդպես է, ինչի՞ մասին եմ գրում։
 
Այն մասին, որ 1980-ականների վերջին կարող էր թվալ, թե Ղարաբաղի շուրջ վեճի լավագույն լուծումը կարող է լինել խորհրդային երկու հանրապետությունների, կամ նույնիսկ երեքի՝ Վրաստանի հետ միասին, միավորումը մեկ դաշնային միավորի՝ Հարավկովկասյան ֆեդերացիայի մեջ:
 
Եվ եթե դա տեղի ունենա, ապա տարաձայնությունների առարկան (ում է պատկանում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, իսկ խորհրդային տարիներին Ղարաբաղն ինքնավար մարզ էր Ադրբեջանի կազմում) ինքնին կվերանա։
 
Այնուամենայնիվ, այս մոտեցումը, ինչպես հակամարտության մասին շատ պատկերացումներ, միամիտ է և չափազանց պարզեցնում է բարդ ու բազմաշերտ խնդիրը, որը կուտակել է տասնամյակների դժգոհություն, դառնություն, անվստահություն և կորուստներ, այդ թվում՝ մարդկային կյանքերի:
 
Ըստ երևույթին, դա բխում է այն պատկերացումից, որ ղարաբաղյան հակամարտությունը տարածքային հարց է:
 
Բայց եթե այն դիտարկենք ոչ թե որպես տարածքային վեճ, այլ որպես ազգային ինքնորոշման հարց:
 
Կամ որպես ավելի լուրջ մարդասիրական խնդիր այն մարդկանց կյանքի իրավունքի վերաբերյալ, որոնք ծնվել են և որոնցից շատերն ապրում են Լեռնային Ղարաբաղում, կամ Արցախում։
 
Այդ ժամանակ կարող է պարզվել, որ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև Հարավկովկասյան ֆեդերացիան պարզապես ի վիճակի չէ լուծել այս վեճը։
 
Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել, թե իրենց ինքնիշխանության որ տարրերն են պատրաստ զիջել մեր երկրները՝ դրանք փոխանցելով դաշնային իշխանություններին:
 
Օրինակ՝
 
Մենք պատրա՞ստ ենք ստեղծել ընդհանուր զինված ուժեր (պարզ է, որ պատրաստ չենք):
 
Ադրբեջանը կարո՞ղ է իր հարևանների հետ «կիսել» նավթագազային բիզնեսից ստացվող եկամուտը (իհարկե՝ ոչ):
 
Հայաստանը կարո՞ղ է իր հարևաններին անհասկանալի
 
էքստերիտորիալ «միջանցք» տրամադրել (իհարկե՝ ոչ)։
 
Խնդիրն այլ է:
 
Այն ընկալումը, որ Արցախը դե ֆակտո Հայաստանի մաս է կամ Հայաստանի հետ կապված չճանաչված պետություն, դարձել է հայկական ազգային ինքնության առանցքը:
 
Այնքան կարևոր, որ երկրում շատերն անգամ ի վիճակի չեն ընդունել պարտությունը 44-օրյա պատերազմում, քանի որ, իրենց ընկալմամբ, դա կարող է կապված լինել Արցախից հրաժարվելու հետ:
 
Բայց ադրբեջանցիների համար ևս Ղարաբաղի պատկանելիությունն ամենակարևորն է ազգային ինքնության տեսանկյունից:
 
Ստացվում է, որ կոնֆլիկտում բախվում են երկու ազգային ինքնություններ: Եվ ոչ մի դաշնային կառույց չի լուծի նման խորության ու լրջության խնդիրը։
 
Մեկ այլ նկատառում ևս:
 
Մենք՝ հայերս և ադրբեջանցիներս, մեր կառավարություններին տվել ենք հակամարտությունը լուծելու մանդատ։ Բայց եկեք իրավիճակը դիտարկենք մյուս կողմից։
 
Մինչ այժմ երկու երկրների քաղաքական ղեկավարության գործունեությունը հանգեցրել է պատերազմների, ողբերգությունների, հազարավոր մարդկանց մահվան և տասնյակ հազարավորների վշտի։
 
1990 թ.-ին մենք հեռու էինք հակամարտությունը լուծելուց, հիմա շատ ավելի հեռու ենք դրանից, անկախ նրանից, թե ինչ են ասում Բաքվի պաշտոնական ներկայացուցիչները։
 
Իսկ հիմա, եկեք ազնիվ լինենք ինքներս մեզ հետ: Քաղաքական գործիչները, ովքեր չեն կարողացել լուծել հակամարտությունը, չեն կարողանալու դա անել նաև դաշնային ցանկացած կառույցի կազմում:
 
Ըստ էության, ինչպես արդեն ասացի, դաշնության ստեղծումը չի լուծում հակամարտությունը. այն բոլորովին այլ բանի մասին է։
Հայ-ադրբեջանական պետական միասնության ցանկացած ձևի քննարկման առաջարկի մեջ ես իրականում տեսնում եմ լուծումների որոնումներից փախչելու ցանկություն։
 
Ասում են՝ «թող քաղաքական գործիչները գլուխ հանեն, մենք փոքր մարդիկ ենք, ոնց որոշեն, այդպես էլ կլինի»:
 
Եվ մենք արդեն գիտենք, թե ինչպես են «որոշում» քաղաքական գործիչները։ Կա՞ որևէ հիմք ենթադրելու, որ ապագայում այլ կերպ է լինելու:
 
Իսկ եթե ոչ, ապա ի՞նչ
 
Ի՞նչ նոր ուղիներ կարող ենք գտնել մենք՝ շարքային հայերս ու ադրբեջանցիները, որոնք սոցցանցերում միմյանց վրա ցեխ են շպրտում և պատրաստ են մինչև վերջին շունչը վիճել, թե ում է պատկանում դոլման (նույն ինքը՝ տոլման)։ Իբր դա որևէ կապ ունի Արցախի (նույն ինքը՝ Լեռնային Ղարաբաղի), պատերազմների, մարդկային զոհերի ու վշտի հետ։
 
Այո, սա փակուղի է։ Եվ ելքը, եթե լուրջ խոսենք, պետք է փնտրել։ Բայց բնավ ոչ դաշնությունում:
 
Մարկ ԳՐԻԳՈՐՅԱՆ
(Հրապարակման սկզբնաղբյուր՝ JAMnews)