Պատրաստակամ ենք՝ սատարելու օրախնդիր մարտահրավերներն

«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՍԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընդդիմադիր դիրքավորված հայկական մամուլը հատկապես վերջին շրջանում անհանգստացած է «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանի ստեփանակերտյան հանդիպումների արդյունքներով։ 
 
Տպավորություն ստեղծենք, թե չենք նկատում, որ այդ անհանգստության պատճառը Բաբայանի նկատմամբ ժողովրդի հավատի և վստահության բարձր մակարդակն է, որը ձեռնտու չէ արցախյան որոշ քաղաքական շրջանակների: «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանն իր անառարկելի տեղն ունի Արցախում և հայոց պատմության մեջ և նրան որևէ մեկի հետ համեմատելն ու հակադրելը առնվազն անհեթեթ է։
 
Անդրադառնանք «Միասնական հայրենիք» խմբակցության, որպես խորհրդարանական երկրորդ ուժի, գործունեությանը և տեսլականին։ Մասնավորապես Արցախում քաղաքական հայտ ներկայացրած Ռուբեն Վարդանյանի առնչությամբ նշեմ, որ նրա՝ Արցախ տեղափոխվելու առնչությամբ մենք կանխակալ դիրքորոշում չունենք։ Այս մասին, ի դեպ, նաև կուսակցության առաջնորդն է հայտարարել՝ հասարակությանը կոչ անելով սպասել նրա աշխատանքի արդյունքներին։ Նրան, որպես պետական պաշտոնյայի, աջակցելը պայմանավորված կլինի նրա կողմից ներկայացվելիք զարգացման ծրագրերի և մեր տեսլականի համադրման հնարավորությամբ․ մասնավորապես`
 
- արտաքին քաղաքականության ոլորտում` Արցախի սուբյեկտայնության իրացում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանություն միջազգային դատարաններում, 
 
- անվտանգության ոլորտում՝ ինքնապաշտպանության իրավունքի լիարժեք իրացում, 
 
- սոցիալ-տնտեսական ոլորտում՝ «խելացի» գյուղերի մոդելի ներդնում, 0-ից 6 տարեկան երեխաների համար 80․000 ՀՀ դրամ, իսկ միայնակ մայրերի համար 100․000 ՀՀ դրամ ամենամսյա նպաստի սահմանում՝ իբրև ժողովրդագրական աճի նախադրյալ, 
 
- ներքաղաքական դաշտում՝ սահմանադրական բարեփոխումներ՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, Անվտանգության խորհրդի նախագահի, Վարչապետի, սահմանադրական ինստիտուտների միջև պարտականությունների և պատասխանատվության հստակ բաժանում։ 
 
Այս ամենը իրագործելու համար նախապայման է սահմանել կրթության ռազմավարություն՝ հստակ սահմանված նպատակներով, քանի որ կրթությունն է երկարաժամկետ կայուն զարգացման առանցքային նախադրյալը
Ինչ վերաբերում է մեր խորհրդարանական խմբակցությանը, ապա այն հստակ դիրքորոշում ունի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքում ընտրված պատգամավորի խորհրդարանական գործունեությունը վերահսկելու վերաբերյալ և գտնում է, որ ժողովրդի ակնկալիքները չբավարարելու և օրենքով սահմանված լիազորությունները չիրացնելու դեպքում պատգամավորը պետք է հետ կանչվի։ Այս տրամաբանությամբ խմբակցությունը առաջարկել է պատգամավորի հետկանչման նորմը ամրագրել Սահմանադրությամբ։ Ինչ վերաբերում է խմբակցության պատգամավորներից ունեցած դժգոհություններին, ապա Սամվել Բաբայանն իր հանրային ելույթներում դժգոհություն է հայտնել Ազգային ժողովի աշխատանքից՝ առհասարակ։
 
Որպես խմբակցության ղեկավար, վերահաստատում եմ, որ պատրաստակամ ենք սատարելու մեր երկրի օրախնդիր մարտահրավերներն ու դրանց գործնական լուծումներն արտացոլող մոտեցումները։