Եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը՝ Մոսկվայում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՑԵԼ Է ԵՌԱԿՈՂՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏԸ

2022 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:
 
Կողմերն ընդգծել են Ռուսաստանի Դաշնության դրական դերը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև նրանց միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում:
 
Նիստի ընթացքում քննարկվել են հարցեր` կապված Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման հետ։
 
Կողմերը կշարունակեն աշխատել Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ։
 
Հայկական և ադրբեջանական կողմերն իրենց երախտագիտությունն են հայտնել ռուսական կողմին բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման և հյուրընկալության համար։