Ընդդիմության ձախորդ օրերը. ինչո՞ւ լաոն չզարթնեց

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ․ ՀԱՅԱՑՔ ԵՐԵՎԱՆԻՑ

Ակնհայտ է, որ տիտղոսակիր ընդդիմության հետ վերջերս մի բան այն չէ. անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում: Ոմանք թումանյանաբար ասում են՝ ընդդիմության «տունը կռիվ է ընկել», ոմանք՝ թե դաշինքը պառակտվում է, մյուսները՝ թե նոր շրջափուլի սկզբնավորման մեջ է, վերակազմավորվում է և այլն: Սակայն իրականում այն, ինչ կատարվում է խորհրդարանական երկրորդ քաղաքական ուժի ներսում, ավելի շուտ նման է քաղաքակիրթ ապահարզանի: Գնացողները երախտագիտության խոսքերով են հեռանում, մնացողները՝ հետագա հաջողության մաղթանքով ճանապարհում նրանց: Բայց ամեն ինչի մասին՝ հերթով:
 
Նախ՝ նոյեմբերի 25-ին պատգամավորական մանդատը վայր դրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ամենագործունյա անդամներից մեկը՝ Արամ Վարդևանյանը, ապա դրանից երեք օր անց խորհրդարանում իր գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարեց «Հայաստան» դաշինքին մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը՝ ի դեմս նախագահ Վահե Հակոբյանի և կուսակցության անդամ ևս երկու պատգամավորի՝ փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանի ու Ելենա Կիրակոսյանի, որոնք մանդատներից հրաժարվելու դիմումներ են գրել: ԱԺ-ում «Վերածնվող Հայաստան»-ը ներկայացնող 4 պատգամավորից 3-ը, փաստորեն, վայր դրեց մանդատը:
 
Ի՞նչ են մտածում ԱԺ-ը լքելու որոշում կայացրած ընդդիմադիրները. խզո՞ւմ են արդյոք կապերը, հրաժարվո՞ւմ են իշխանությանն ուղղված՝ հրաժարականի պահանջներից: Արամ Վարդեւանյան. «Այս մասին պարզ ու անկեղծ քննարկում եմ ունեցել գործընկերներիս հետ: Սա իմ անձնական որոշումն է՝ հարգելով, իհարկե, խմբակցության անդամների քայլերն ու գործողությունները։ Ուժերիս ներածին չափ աջակցելու եմ պատգամավոր ընկերներիս… Մեծ պատասխանատվություն ու պատիվ էր լինել ակտիվ քաղաքականության մեջ նախագահ Քոչարյանի եւ մեր թիմի հետ: Ես պայքարել եւ պայքարելու եմ՝ դեռ իրեն սպասեցնող հանգուցալուծման համար։ Հավատում եմ, որ այն չի ուշանա… Այժմ վերադառնում եմ փաստաբանական համայնք. անելիք շատ կա»։
 
Հիմա գանք «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը՝ նրա ղեկավարի ՖԲ գրառումից մեջբերելով մի հատված: Վահե Հակոբյան. ««Վերածնվող Հայաստան» կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում՝ կուսակցության հռչակած արժեքների ու քաղաքականության շրջանակներում։ Շնորհակալություն ենք հայտնում ԱԺ «Հայաստան» խմբակցության մեր գործընկերներին՝ անցած ճանապարհի ու համատեղ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություն իրենց գործունեության ու պայքարի մեջ։ Վստահ ենք՝ մեր գործընկերների հետ փոխգործակցությունը շարունակական կլինի նաև ապագայում՝ հիմնված ընդհանուր գաղափարների ու միասնական նպատակների վրա»:
 
Ամեն դեպքում մանդատները վայր դրած պատգամավորներին փոխարինել են դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորության հաջորդ թեկնածուները՝ համալրելով խմբակցության շարքերը, և ընտրողները դժգոհելու առիթ չեն ունենա իրենց ձայներն անտեսված մնալու համար: Պետք է ընդունել, որ ԱԺ ընդդիմությունը՝ թույլ տված սխալներով ու սայթաքումներով հանդերձ, փորձում է թե՛ ԱԺ նիստերի դահլիճում, թե՛ փողոցում իր հնարավորությունների առավելագույնն օգտագործել երկրում ստեղծված քաոսային երևույթները, պետական ինքնիշխանությանը սպառնացող վտանգները, գոյութենական մարտահրավերները հաղթահարելու համար, ինչը, ցավոք, միշտ չէ, որ կարող է ստացվել:
 
Պատճառներից մեկը, թերևս, այն է, որ երկրում ոստիկանապետությանը բնորոշ բարքերի ծաղկմամբ պայմանավորված՝ արդեն երկու տարի ընդդիմությանը չի հաջողվում կատարել իր ընտրողների ամենագլխավոր պատվիրանը՝ հեռացնել ապազգային, թշնամու «դուդուկի տակ» պարող, ՀՀ սահմանադրությունն ու օրենքները ոտնահարող, ձախավեր ՔՊ-ական իշխանությանը: Այս իրողության օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքները հասկանալու համար պետք է ընդդիմությանն իրավացիորեն հանդիմանելուց բացի, կամ դրան զուգահեռ, մի փոքր խորանալ իշխանություն-ընդդիմության կապերի անտեսանելի ծալքերում:
 
Ինչպես հայտնի է, ներկայիս խորհրդարանական ընդդիմության ստեղծման հիմքը դրվել էր 2020թ. նոյեմբերի 9-ից հետո՝ Հայրենիքի փրկության ազգային շարժման մեջ 17 ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորմամբ: Պատերազմի ավարտից մեկ ամիս չանցած՝ դեկտեմբերի 3-ին, նորաստեղծ Շարժման խորհուրդը կազմավորեց ժամանակավոր կառավարություն՝ առաջադրելով անցումային վարչապետի իր թեկնածուին, որը պետական եւ քաղաքական փորձառու գործիչ Վազգեն Մանուկյանն էր: Հիմնականում արտախորհրդարանական ուժերից կազմված ընդդիմադիր միավորումում վստահ էին, որ Մանուկյանը երկրին կբերի կայունություն և նրա գլխավորած անցումային կառավարությունը կկազմակերպի արդար ու թափանցիկ ընտրություններ։
 
Հայրենիքի փրկության շարժումը, որին միացել էին նաև խորհրդարանական ԲՀԿ-ն, այդ օրերին բավական բարձր վարկանիշ ունեցող Արթուր Վանեցյանի «Հայրենիք»-ը, մի շարք հասարակական կառույցներ ու երիտասարդական հոսանքներ, հետզհետե թափ էր առնում՝ ձեռք բերելով ընդգծված գաղափարախոսական բովանդակություն եւ, մասնավորապես, պատերազմը տանուլ տված անձի անվերապահ հեռացման պահանջներ: Պարբերաբար անցկացվող հանրահավաքները, բողոքի գործողությունները, մարզային այցելություններն ու հանդիպումները դառնում էին ավելի մարդաշատ, նպատակամետ և արդյունավետ:
 
Շարժումը լրջագույն սպառնալիք էր դարձել իշխանությունների համար, և հակաքայլերը չուշացան: Իշխանությունը նախ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ ընդդիմության նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը և ֆեյսբուքյան գրառմամբ՝ ԸՕ-ի «հերն անիծելով», հունիսի 20-ը նշանակեց Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օր: Հետո որոշեց զբաղվել Վազգեն Մանուկյանով, ավելի ճիշտ՝ այդ «գործը» հանձնարարեց ՀՀ քննչական կոմիտեին, և 2021թ. մարտի 9-ին Մանուկյանին առաջադրվեց մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, այն է՝ Հայաստանում սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելը: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
 
Անցանկալի անձանց ճաղերի հետևում մեկուսացնելու կամ մեկուսացմամբ վախեցնելու փորձ Նիկոլ Փաշինյանն ունի՝ կարելի է տասնյակ դեպքեր հիշատակել, բայց դա չէ մեր թեմային առնչվող նյութը: Սա ուղղակի բազմաթիվ օրինակներից մեկն է իշխանություն-ընդդիմություն անազնիվ հարաբերությունների պրակտիկայից, որտեղ պարզ երեւում է իշխանության կողմից ընդդիմության գործունեության արեալը նեղացնելու, նրա ակտիվության մղումները զսպելու համատեքստը: Այդ նույն ձեռագրով է կառավարող քաղաքական մեծամասնությունն այժմ «աշխատում» նաև Հայրենիքի փրկության շարժման ժառանգորդի՝ Դիմադրության շարժման, նրա խորհրդարանական ներկայացուցիչների և արմատական ընդդիմության առաջնորդի հետ:
 
Հիշեցնենք, որ 2021թ. հունիսի 20-ն տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո և դրանց արդյունքում կազմավորվել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից ղեկավարվող «Պատիվ ունեմ»-ը, որին «կողքանց» աջակցում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ընդհանրապես՝ որևէ «կրիմինալ» չկա նրանում, որ ՀՀ երկու նախկին ղեկավարները մասնակցում են ընդդիմության ընդհանուր քաղաքականության մշակմանն ու նրա գործունեության համակարգմանը: Նույն կերպ էլ պետության կառավարման համակարգում, մի փոքր ավելի անտեսանելի, ուրվագծվում է Առաջին նախագահի ներկայությունը: Ինչևէ:
 
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո անցած երկու տարում ՀՀ ընդդիմության թույլ տված սխալները թվարկելիս՝ պետք է սկսել վճռականության պակասից: Այդ ընթացքում առնվազն երկու անգամ եղել է այս կառավարությանը հեռացնելու հնարավորություն, բայց առիթը բաց է թողնվել: Առաջինը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո առաջացած իրավիճակն էր, երբ Փաշինյանը մի քանի օր բունկերում էր, իսկ իշխանությունը, պատկերավոր ասած՝ փողոցում ընկած, ու վերցնող չկար: Երկրորդն էլ այս տարվա սեպտեմբերի 14-ին էր, երբ Փաշինյանի հայտնի «ինքնախոստովանությունից» հետո ԱԺ մուտքի մատույցներում և ՀՀ կառավարության շենքի չորսբոլորն ինքնաբուխ հավաքված մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ զայրագին պատասխան էին պահանջում Փաշինյանից, թե ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել:
 
Այս վերջին դրվագում տեսանելի էր ոչ միայն արտակարգ իրավիճակում ընդդիմության արագ կողմնորոշվելու անկարողությունը, այլև բուն ընդդիմության ներսում տարբեր մոտեցումների ու հավակնությունների դրսեւորումը, ինչը և խանգարեց մարդկանց համախմբմանը, որոնք եկել էին ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից պահանջելու, որպեսզի վարչապետի պաշտոնանկության գործընթաց ձեռնարկեն: Տարաձայնություններ ծագեցին վարչապետի միասնական թեկնածուի առաջադրման ընթացակարգի շուրջ, բայց որևէ համաձայնության չհանգեցին: Պարզվեց, որ ընդդիմությունն ուղղակի անպատրաստ է պաշտոնանկության գործընթացի կազմակերպմանը՝ չունի ո՛չ միասնական թեկնածու, ո՛չ հստակ օրակարգ:
 
Թե ինչու ընդդիմությունն անպատրաստ էր օրենսդրորեն երաշխավորված և հանրորեն պահանջարկված միջոցառմանը, ո՛չ այդ պահին, ո՛չ էլ հետագայում, որեւէ պարզաբանում չտրվեց: Նման կարգի երեւույթներն են հանրահավաքներին «կրիտիկական զանգվածի», այսինքն՝ հանրային բավարար աջակցության բացակայության պատճառը, ինչից բոլորս տրտնջում ենք, և ամենաշատը՝ ընդդիմությունը:
 
 
Գևորգ ԲՐՈւՏԵՆՑ