Պայքարի ո՞ր դաշտում է Հայաստանը

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ Հայացք Երևանից

Արցախի հարցում, կարծես թե, եկել է անկեղծության պահը: Դիմակահանդեսն ավարտված է, մի կողմ են դրված դիմակները, և խաղը դառնում է բացահայտ: Արևմուտքը չի թաքցնում իր նպատակը՝ Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից. այս փուլում առայժմ միայն այդտեղից, իսկ Իրանը շրջափակել հյուսիսից՝ նրան կտրելով Մոսկվայից: Ռուսաստանն ու Իրանը արդեն դառնում են ռազմավարական դաշնակիցներ և գնում են էլ ավելի խորացված ռազմական համագործակցության, իսկ Թուրքիան՝ «անառակ որդին», վերադառնում է Արևմուտքի գիրկը:
 
Հայ-ադրբեջանական հակամարտությունը և Արցախի խնդիրը հենց այս տեսանկյունից պետք է դիտարկել: Բրյուսելում Արևմուտքն առաջարկում է Արցախի մատակարարումն իրականացնել Աղդամի կողմից, այսինքն՝ Ադրբեջանի հետ Արցախի «ինտեգրման» համար կատարել ամենավճռական քայլը: Իսկ ինչպե՞ս են այդ ծրագրերին վերաբերվում Ռուսաստանն ու Իրանը: Այստեղ նույնպես սկսել են խոսել առանց դիվանագիտական պաճուճանքների:
 
Իրանի հոգևոր առաջնորդի արտաքին հարցերով խորհրդական, նախագահներ Խամենեիի և Ռաֆսանջանիի օրոք արտաքին գործերի նախարար, Իրանի գերագույն առաջնորդի արտաքին հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին բացառիկ հոդված է հրապարակել, որտեղ Ռուսաստանին և Իրանին կոչ է անում զգուշանալ՝ ընդգծելով, որ Կովկասում ցանկացած անփութություն կարող է տարբեր երկրներից ներխուժումների պատրվակ դառնալ: Նա զգուշացրել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների աճող ազդեցության մասին՝ հայտնելով, որ նրանք կփորձեն մեծացնել լարվածությունը Հարավային Կովկասի զգայուն տարածաշրջանում, ինչը կվտանգի ՌԴ-ի և Իրանի անվտանգային շահերը:
 
Վելայաթին զգուշացրել է տարածաշրջանում խնդիրների չափազանց պարզեցումից՝ շեշտելով, որ Հարավային Կովկասի անտեսումը կարող է հանգեցնել ազդեցության տարածմանը Հյուսիսային Կովկաս, Կասպից ծով և նրա հարակից երկրներ. «Մեր ռուս գործընկերները պետք է զգույշ լինեն և իմանան, որ ամենափոքր անփութության դեպքում Կովկասը կարող է դառնալ հարձակման թիրախ և մրցակցության ասպարեզ տարբեր շահագրգիռ երկրների կողմից, որոնք կոտնահարեն Ռուսաստանի և ԻԻՀ-ի շահերը»,- գրել է նա։
 
Վելայաթիի հոդվածից հետո հնչել է ՌԴ ԱԳՆ-ի պատասխանը. «Պատրաստ ենք մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղիները՝ ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին Մոսկվայում կարող է հաջորդել հայ-ռուս-ադրբեջանական գագաթաժողովը՝ հիշյալ փաստաթղթի ստորագրման համար»:
 
Ռուսական կողմը Ադրբեջանին կոչ է արել նաև անհապաղ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ, վերականգնել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմ անարգել տեղաշարժը, ինչպես նաև վերականգնել էներգամատակարարումը։ «Կարծում ենք, որ այս պայմաններում չպետք է Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա։ Ելնում ենք նրանից, որ սույն համաձայնագրի անքակտելի մաս պետք է դառնան ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հստակ երաշխիքները, ինչպես նաև ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի անշեղ կատարումը»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ արձագանքում:
 
Հարավային Կովկասի համար պայքարը՝ մի կողմից Արևմուտքի, մյուս կողմից՝ Ռուսաստանի ու Իրանի միջև, մտնում է սուր հակամարտության փուլ: Թե որքան այդ պայքարը կսրվի՝ կախված է մի շարք հանգամանքներից, սակայն գերխնդիրն այն է, թե պայքարի ո՞ր դաշտում է խաղում ՀՀ ներկայիս կառավարությունը՝ հայաստանյա՞ն, թե՞ թուրք-ադրբեջանական: