«Եռակողմ հայտարարությունը միջազգային պայմանագիր չէ». կարծիք Բաքվից

ԷՐԿԻՆ ԳԱԴԻՐԼԻՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը բավականին տարօրինակ փաստաթուղթ է։ Իրավական տեսանկյունից այն չի բավարարում միջազգային պայմանագիր համարվելու համար անհրաժեշտ մի քանի կարևոր պահանջների։ Ինքնին այն, որ այդ փաստաթուղթը կոչվում է հայտարարություն, խնդիր չէ, կան հայտարարություններ, որոնք համարվում են միջազգային պայմանագրեր, բայց 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունն այդպիսին չէ»,- հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էրկին Գադիրլին։
 
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» կուսակցության ներկայացուցիչ Էրկին Գադիրլիի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, որը ստորագրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, չի կարող իրավաբանորեն պարտադիր ուժ ունենալ այդ երկրների համար։
 
«Ինչո՞ւ է այդ հայտարարությունը հեռու միջազգային պայմանագիր լինելուց։
 
Նախ՝ փաստաթուղթը չի վավերացվել կողմերից որևէ մեկի խորհրդարանի կողմից։ Որպեսզի երկու կամ ավելի պետությունների կողմից ստորագրված փաստաթուղթը առաջացնի միջազգային իրավական պարտավորություններ, այն պետք է վավերացվի մասնակից երկրների խորհրդարանների կողմից: Սակայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունը չի վավերացվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանների կողմից։
 
Միայն Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, թույլ է տվել որոշակի թվով ռուսական բանակի զինծառայողների (խաղաղապահներ) ուղարկել պետական սահմաններից դուրս։ Բայց դա բոլորովին այլ հարց է: Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության համաձայն՝ միջազգային պայմանագրերը նախ հաստատվում են Պետդումայի կողմից, սակայն դա տեղի չի ունեցել։
 
Երկրորդ՝ նշված հայտարարության անվանումը՝ եռակողմ, այն այդպիսին չի դարձնում։ Այդ փաստաթուղթը միայն տեխնիկապես է կարելի եռակողմ անվանել, քանի որ դրա տակ երեք ստորագրություն կա։ Բայց իրավական տեսանկյունից բավականին շփոթեցնող է, թե քանի կողմ է համաձայնության եկել հայտարարության շուրջ»,- ընդգծել է Գադիրլին։
 
Նրա կարծիքով՝ այս իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ Ադրբեջանն ու Հայաստանը դեռևս իրավական հարթությունում, այսինքն՝ դե յուրե չեն ճանաչել միմյանց:
 
«Փաստացի (դե ֆակտո) դա վաղուց է տեղի ունեցել, բայց իրավական առումով ոչ մի կերպ ամրագրված չէ։ Եվ այս պատճառով, մի կողմ թողնելով խաղաղության պայմանագիրը, մեր երկրների միջև չկան պայմանավորվածություններ առանցքային հարցերի շուրջ (տարածքային ամբողջականություն, սահմանների սահմանազատում և անձեռնմխելիություն, ինքնիշխանություն, իրավազորություն և այլն)։ Նման իրավիճակում Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության վավերացումը անիմաստ կթվար, և դա իրավական նոնսենս է»։
 
«Այս ամենից է բխում ստեղծված իրավիճակի ևս մեկ առանձնահատկություն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության համաձայն՝ Ադրբեջանն ու Հայաստանը չեն կարող միմյանց հանդեպ որևէ պարտավորությամբ ծանրաբեռնված համարվել։ Պարտականությունների իրական կառուցվածքն ունի հետևյալ տեսքը՝
Հայաստան - Ռուսաստան,
Ադրբեջան - Ռուսաստան:
Այսպիսով, փաստաթուղթը, որը կոչվում է եռակողմ, իրականում երկու երկկողմ հայտարարություններից է կազմված։
 
2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության իրավական թերարժեքությունը մեծացնում է դրա քաղաքական ռիսկերը։ Ուստի, 2025 թվականի նոյեմբերին Ղարաբաղում ռուսական առաքելության ավարտը կարևոր պայման է նաև այդ տեսանկյունից»,- ամփոփել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանական խմբի պատգամավոր, Միլլի Մեջլիսի պատգամավոր Գադիրլին։
 
JAMnews