Ռամիլ Սաֆարովի ուրվականը՝ Բաքու-Բրյուսել հարաբերություններո՞ւմ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ ԱՌԱՋԻՆ լրատվական

ԱՊԱ ադրբեջանական գործակալությունն այսօր անսպասելի անդրադարձ է կատարել Հունգարիայից Ռամիլ Սաֆարովի արտահանձմանը: Սաֆարովը ՆԱՏՕ-ի դասընթացների մասնակից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով Հունգարիայում դատապարտված էր ցմահ ազատազրկման, բայց արտահանձնվեց Ադրբեջանին: Անցել է ավելի քան մեկ տասնամյակ և, կարծես, անհրաժեշտություն չկար, որ ԱՊԱ-ն հարցում ուղարկի Ադրբեջանի նախկին արտգործնախարար, ներկայումս Բոսնիա-Հերցեգովինայում դեսպանի պաշտոն զբաղեցնող Վիլայաթ Գուլիևին: Ընդ որում, վերջինիս պատասխանը, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ընթացքում Հունգարիայի և Ադրբեջանի միջև ոչ մի գաղտնի գործարք չի կատարվել, հուշում է, որ եվրոպական քաղաքական շրջանակներում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կասկածվում է Իլհամ Ալիևի հետ կոռուպցիոն կապերի մեջ:
 
 
Ադրբեջանական մամուլում Ռամիլ Սաֆարովի արտահանձման թեմայով հրապարակումներում կարծիք է հնչել, որ համաձայնությունը ձեռք է բերվել ՌԴ նախագահ Պուտինի միջամտությամբ, բուն բանակցությունները Վիկտոր Օրբանի հետ վարել է Պուտինի ուսանողական դասընկեր, ծագումով ադրբեջանցի միլիարդատեր Իլհամ Ռահիմովը, գործարքն արժեցել է երկու միլիարդ դոլար: Որքանո՞վ է այս տեղեկությունը իրական կամ հնարած՝ պարզել հնարավոր չէ: Փաստ է, որ Հունգարիայի վարչապետը եվրոպական եզակի այն գործիչն է, ով ուկրաինական պատերազմից հետո էլ շարունակում է մնալ Ռուսաստանի նախագահի մտերիմը, ԵՄ-ում մշտապես հանդես է գալիս Ուկրաինային աջակցությունը սահմանափակելու կամ առհասարակ սառեցնելու առաջարկությամբ, շարունակում է ռուսական գազ գնել:
 
Հունգարիան Թուրքական պետությունների կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունի, Իլհամ Ալիևը և Վիկտոր Օրբանը նոյեմբերի 1-ին ԹՊԿ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում են ունեցել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Ոչ լրիվ մեկ ամսվա կտրվածքով Օրբան-Ալիև երկրորդ հանդիպման ի՞նչ հրատապ անհրաժեշտություն կա, որ Հունգարիայի վարչապետն այցելել է Բաքու: Եւ ինչո՞ւ այդ մասին տեղեկությունը հրապարակելուց ժամեր առաջ ԱՊԱ գործակալությունը նախկին արտգործնախարար Գուլիևի միջոցով հերքել է Ռամիլ Սաֆարովի արտահանձման հարցով Օրբան-Ալիևի գաղտնի գործարքի մասին տեղեկությունը:
 
Ադրբեջանցի մեկնաբան Արաստուն Օրուջլուն համարում է, որ Արևմուտքի հետ Բաքվի հարաբերությունների սառնությունը պայմանավորված է նրանով, որ Վաշինգտոնում և Բրյուսելում Իլհամ Ալիևին համարում են Պուտինի դաշնակից: Նա գտնում է, որ Ադրբեջանի իշխանությունների վերջին քայլերը նպաստել են, որպեսզի Արևմուտքում նման տեսակետ ձևավորվի և ամրապնդվի: Հայաստանի վարչապետի հետ Բրյուսելում հանդիպման առաջարկությունը հեշտ է մերժել՝ պատճառ բերելով Ֆրանսիայի «ոչ անաչառ կեցվածքը»: Իսկ ահա Եվրամիության հանդեպ ստանձնած պարտավորությունը, այն է՝ գազի արտահանման տարեկան ծավալները հասցնել 20 միլիարդ խորանարդ մետրի, պետք է կատարել:
 
Որտեղ կա տնտեսական և աշխարհաքաղաքական շահ, Ալիևի «քնարական» առարկությունները չեն անցնի: Եվրամիությունում, ըստ ամենայնի, նրան դնում են Ռուսաստանից կախվածությունը թոթափելու հրամայականի առաջ: Իսկ գոնե այս փուլում Ալիևը չի կարող կտրել Մոսկվայի հետ ռազմա-քաղաքական համերաշխության պորտալարը:
 
Կարելի՞ է ենթադրել, որ Օրբանը, որպես Ալիևի հետ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և այլ հարցերում կոռուպցիոն գործարքներով կապված գործիչ, Բրյուսելից Բաքու որոշակի ուղերձ է տարել: Հնարավո՞ր է, որ Եվրամիությունից Ալիևին հիշեցրել են Ռամիլ Սաֆարովի աղմկահարույց գործը, որի շուրջ տեղեկատվական հետաքննությունը կարող է Օրբանին թանկ արժենալ, և Հունգարիայի վարչապետը Բաքու է ուղևորվել, որպեսզի Ալիևին ինչ-որ հարցերում համոզի: Բայց եթե ճիշտ է, որ Օրբան-Ալիևի եղբայրության միջնորդը Ռուսաստանի նախագահն է, ապա Ալիևն ինչպե՞ս կարող է տրորել Կրեմլի կոշտուկը: Իսկ եթե Մոսկվան անցնի բացահայտումների՞:
 
Ի վերջո, ալիևյան կլանի ծննդավայրը Բրյուսելը չէ, ոչ էլ՝ Լոնդոնը: Մոսկվան է Ադրբեջանի ներկայիս քաղաքական համակարգի ճարտարապետը, իշխող ընանիքի պահապան-հրեշտակն առաջին հերթին ԱԴԾ-ն և Արտաքին հետախուզության ծառայությունն է: Նրանք Իլհամ Ալիևին գիտեն, ինչպես ռուսներն են ասում՝ խանձարուրից…
 
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ