Ռուսները խանգարեցին մյուս դերակատարներին

ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Անդրադառնալով ՌԴ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին ելույթին, վերլուծաբան, «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի» նախագահ Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆԸ գրել է․

- Քանի որ Լավրովը այսօր խոսեց այն մասին, թե ինչքան կառոցողական է Ռուսաստանը և ինչքան ապակառուցողական Արևմուտքը հայ-ադրբեջանական բանակցությունների համատեքստում, արժե մի փոքր սպռավոչկա գրել այն մասին, թե ինչ դերակատարություն է ունեցել Մոսկվան Արցախի էթնիկ զտմանը նախորդած շրջանում տարբեր դերակատարների միջնորդական ջանքերի տապալման հարցում։

Քանի որ արևմտյան հարթակներում խաղաղության պայմանագրի շուրջ ընաթացող  բանակցություններում առաջընթացի համար ամենալուրջ խոչընդոտը Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցի քննարկման համար Բաքու-Ստեփանակերտ բանակցային ձևաչափի ստեղծումն ու այդ ձևաչափին առնչվող դետալների հարցում առկա տարաձայնություններն էին, Վաշինգտոնը, որը 2023-ի սկզբից ստանձնել էր գլխավոր միջնորդի դերը, 2023-ի գարնանը ակտիվ աշխատանք սկսեց տանել այդ ուղղությամբ։

Ամերիկացիները 2023-ի սկզբին ուղիղ կապի դուրս եկան Արցախի իշխանությունների հետ՝ վերոնշյալ ձևաչափով երրորդ երկրի տարածքում Բաքվի հետ հանդիպում կազմակերպելու համար։ ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ինչպես նաև Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատների բարձրաստիճան պաշտոնյաներ ամիսներ շարունակ աշխատում էին այս հարցի շուրջ կողմերի մոտեցումները մերձեցնելու համար։

Ի վերջո, նման պայմանավորվածություն հաջողվեց ձեռք բերել։ Հանդիպումը պետք է տեղի ունենար Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Սակայն Մոսկվան հանդիպումից առաջ տեղեկատվական դիվերսիա իրականացրեց և տապալեց այդ հանդիպումը։ «Ռիա Նովոստի»-ում հրապարակվեց մի հոդված, որի մեջ նշվում էր, որ ամերիկացիները ստիպում են ղարաբաղյան կողմին մասնակցել այդ հանդիպման՝ իբր սպառնալով, որ չմասնակցության դեպքում Ադրբեջանը ռազմական գործողություններ կսկսի։ Հոդվածի մեջ թիրախավորվել էին նաև արցախյան այն պաշտոնյաները, որոնք մասնակցում էին այդ հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։ Ու սա այն դեպքում, երբ ռուսական կողմին հենց ամենասկզբից տեղեկացնում էին այդ գործընթացի և դրա դետալների մասին։

Սոֆիայի հանդիպման տապալումից հետո նոր հանդիպում կազմակերպելու փորձերը շարունակվեցին։ Կողմերը ամերիկացիների միջնորդությամբ համաձայնության էին հասել փակ ձևաչափով հանդիպել Բրատիսլավայում։ Սակայն այս անգամ ևս ռուսական միջամտությունը որոշիչ նշանակություն ունեցավ։ Արցախյան կողմի նկատմամբ ճնշումներին զուգընթաց Մոսկվան ընդունեց Եվլախում հանդիպում կազմակերպելու ադրբեջանական մոտեցումը, որից հետո Բաքուն, ունենալով Մոսկվայի աջակցությունը այս հարցում, վերջին պահին հրաժարվեց Բրատիսլավայի հանդիպումից։

Իհարկե, ակնհայտ է, որ նույնիսկ եթե այդ հանդիպումները տեղի ունենային, Բաքուն դրանց ինտեգրացիայի օրակարգով կգնար։ Բայց պարզ է նաև, որ ինքնին երրորդ երկրի տարածքում միջնորդի ներկայությամբ հանդիպման փաստը կբարձրացներ Ստեփանակերտի սուբյեկտայնությունը։ Բացի այդ, կարող էր ինչ-որ գործընթաց սկսվել, որը առնվազն կարող էր հետաձգել աղետալի վերջնարդյունքը կամ էլ մեղմել այն։ Բայց դա տեղի չունեցավ, որովհետև ռուսները, ի վիճակի չլինելով ոչինչ անել գետնի վրա, խանգարեցին մյուս դերակատարներին և ի վերջո ընդունեցին Ադրբեջանի բոլոր պահանջները՝ մասնակից դառնալով Արցախի էթնիկ զտմանը։