Ուշագրավ փաստեր Խոջալուի դեպքերի վերաբերյալ
ՄԱՐՈՒՔՅԱՆՆ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԽՈՋԱԼՈՒԻ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ՝ ՄԵՋԲԵՐԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հրապարակել է 1992 թվականին ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցի բնօրինակ ապացույցը։
X-ում արված գրառման մեջ Մարուքյանը մեջբերել է Ադրբեջանի նախկին նախագահի այն հայտարարությունը, որ «Խոջալուի բնակիչների վրա կրակելն ակնհայտորեն կազմակերպվել է ինչ-որ մեկի կողմից՝ Ադրբեջանում վերահսկողություն վերցնելու համար»։
«Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումն անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ «հայերի կողմից միջանցքը բաց է թողնվել, որպեսզի մարդիկ հեռանան»: Սակայն Ադրբեջանի «Ժողովրդական ճակատի» զինված ստորաբաժանումների կողմից խաղաղ բնակիչների շարասյունը գնդակոծվել է Աղդամի շրջանի սահմանի մոտակայքում, ինչն ավելի ուշ հաստատել է Այազ Մութալիբովը, որն այս հանցավոր արարքը կապել է իրեն իշխանությունից հեռացնելու՝ ընդդիմության փորձերի հետ և կատարվածի համար ամբողջությամբ մեղադրել իր հակառակորդներին:
Ռուսական «Նովոյե վրեմյա» ամսագրին տված հարցազրույցում էլ Մութալիբովն ասել է, որ Խոջալուի բնակիչների վրա կրակելն ակնհայտորեն կազմակերպվել է ինչ-որ մեկի կողմից՝ Ադրբեջանում վերահսկողություն վերցնելու համար»,- գրել է Մարուքյանը X-ում:
Աղբյուր՝ ՖԱԿՏՈՐ տեղեկատվական կենտրոն