Կա պարզ իրողություն, որը շատերը չեն ուզում ընդունել

ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆԸ տելեգրամյան իր ալիքում գրել է․
 
Կա պարզ իրողություն, որը շատերը չեն ուզում ընդունել կամ հատուկ չեն ընդունում։
 
Հարավային Կովկասում Եվրամիության և ՆԱՏՕ-ի միակ իրական գործընկերը Թուրքիան է։ 
Չնայած Թուրքիայի հետ ունեցած բոլոր խնդիրներին՝ հավաքական Արևմուտքը հենց այս երկրին է տեսնում որպես Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր ներկայացուցիչ, որի հետ նշված տարածաշրջաններում կա ընդհանուր շահ։ 
 
Դեռևս 19-րդ դարից այդ շահը շատ հստակ ձևակերպում է ստացել. դուրս մղել Ռուսաստանին նշված գոտիներից, որը Թուրքիայի համար ազգային-պետական գլխավոր նպատակներից է։ 
 
Հենց այս պատկերացմամբ էր առաջնորդվում երեկ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ Հվ. Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տ. Կլաարը, երբ նշում էր, որ «Թուրքիան է տարածաշրջանի առաջատար ուժը» և պետք է տարածաշրջանային նոր պայմանագրերի միջոցով «ցեմենտի իր այդ դերը»։
 
Արևմուտքի կողմից Հայաստանի հասցեին արվող առանձին ռևերանսները ոչ միայն մակերեսային են, այլև Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների համեմատ «գրոշի արժեք չունեն» և զոհաբերվելու են հանուն դրանց։ Ավելին, այդ ռևերանսներն արվում են որպես այդ զոհաբերության մաս։
 
 
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ թյուրքագետ Վարուժան Գեղամյանն անդրադարձել էր Իրանի նախագահի մի նկատառմանը՝ ՀՀ փոխվարչապետի հետ հանդիպմանը, որի ժամանակ  Իբրահիմ Ռաիսին ասել էր․
 
- Մենք համաձայն չենք խնդիրներ լուծելու պատրվակով տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությանը, և կարծում ենք, որ նրանց ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծելու, այլև այն կդառնա ավելի մեծ խնդիր տարածաշրջանի ժողովուրդների ու պետությունների համար։
 
Դիվանագետերեներից եթե սա թարգմանենք, կնշանակի, որ Իրանի հետ հարաբերություններն էլ են փչանում, քանի որ Հայաստանը կառավարողների խմբավորումը  փորձում է Իրանի սահմաններին տեղակայել Իրանին թշնամական արևմուտքի ուժերին։
 
Այստեղ պետք է հիշել, որ մեր տարածաշրջանում կա երեք անմիջական մեծ պետություն՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա։ Վերջինը հստակ ուզում է մեզ ոչնչացնել։ Առաջին երկուսը ունեն կայսերական շահեր, որոնց հետ հնարավոր է խաղալ և ստանալ փոխշահավետ իրավիճակ։ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը սրա փոխարեն թշնամանում է առաջին երկուսի հետ՝ այդպիսով հեշտ թիրախ դառնալով երրորդի համար։